Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի, այդ թվում՝ Սյունիքի և հանրապետության այլ մարզերի երկաթուղու վերականգնման նախագծերին։ Այս մասին ասվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարության մեջ։
Կողմերը պայմանավորվել են, համաձայն 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների, արագացնել Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի տարածքում սահմանազատման եւ անվտանգության հարցերի երկկողմ հանձնաժողովի ստեղծումը։
Ղեկավարները միակարծիք էին Ռուսաստանի աջակցությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի կրոնական գործիչների եւ հասարակական ներկայացուցիչների միջեւ շփումների բարձր օգտակարության հարցում, ինչը նպաստում է երկու երկրների ժողովուրդների միջեւ «կամուրջների կառուցմանը»։ Այս պրակտիկան կշարունակվի։