Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանը։ Երեկվա լիագումար նիստի ընթացքում բանավեճ է տեղի ունեցել հայ, ադրբեջանցի և թուրք պատվիրակների միջև, գրում է Tert.am-ը։
Առաջինը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, որն Ադրբեջանին մեղադրել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակից օգտվելու և այս տարվա փետրվարից Արցախի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին հոգեբանական ճնշումների ենթարկելու, ֆիզիկական սպառնալիքներ հնչեցնելու համար: Այս համատեքստում Աղաջանյանը հիշեցրել է Արցախի գազամատակարարման դադարեցումը՝ ընդգծելով Արցախի բնակչությանը հումանիտար ճգնաժամի առաև կանգնեցնելու փաստը։ Այնուհանդերձ, ըստ Աղաջանյանի, Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում խաղաղության հաստատման գաղափարին:
Նրանից հետո ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, որը, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, հիշեցրել է, որ Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը՝ Ապրիլի 24-ին, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն «Գորշ գայլերի» նշանն է ցույց տվել Ուրուգվայում Հայոց ցեղասպանության ճանաչումը պահանջող խաղաղ ցույցի մասնակիցներին։ Վարդանյանի խոսքով՝ այս պահվածքը խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, երկու երկրների հասարակությունների միջև վստահության կառուցմանը։ Ըստ նրա՝ անընդունելի է, որ ԵԽԽՎ նախկին նախագահը իրեն թույլ է տվել նման արմատական ժեստ անել:
Ապա խոսել է Ադրբեջանի պատվիրակության անդամ Սամադ Սեիդովը՝ նշելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնության են եկել խաղաղության օրակարգի շուրջ: Նրա խոսքով՝ այժմ ստեղծված իրավիճակը «ոսկե հնարավորություն» է տվել խաղաղություն հաստատելու համար:
«Բայց սա շատ տարօրինակ է: Իմ ուղեղում կոգնետիվ դիսոնանս է առաջանում, քանի որ ձեր վարչապետն ասել է, որ մենք համաձայն ենք Ադրբեջանի առաջարկներին, մենք պատրաստ ենք ընդունել Ադրբեջանի առաջարկները, իսկ հիմա ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչներն իրենց վարչապետի դիրքորոշման դեմ ելույթ են ունենում: Ելույթ են ունենում ընդդեմ այն հայերի ազգային շահերի, որոնք ցանկանում են տարածաշրջանում խաղաղություն տեսնել»,-ասել է ադրբեջանցին՝ հավելելով, որ հայերի ու ադրբեջանցիների միջև վստահություն կառուցելու, հաշտվելու ժամանակն է։
Տեսանյութը կարող եք դիտել 50-րդ րոպեից: