Ազատագրական շարժումը իր հերթական ակցիան է իրականացնում Հանրապետության հրապարակում։ Շարժման անդամներն այս անգամ ևս ընտրել են պայքարի ու բողոքի յուրահատուկ ձև։
Նրանք Նիկոլ Փաշինյանի դիմակով և «դուխով» գրությամբ գլխարկներով շրջում են Հանրապետության հրապարակում։ Ոստիկանության ծառայողները փորձում են բերման ենթարկել Շարժման անդամներին, կամ այլ կերպ ասած «Նիկոլ Փաշինյանին»։
Շարժման հիմնադիր անդամ, փաստաբան Արա Զոհրաբյանը չհասցրեց զրուցել լրագրողների հետ, երբ կարմիր բերետավորները նրան ևս բերման ենթարկեցին։
Նշենք նաև, որ այսօր՝ ժամը 11:30-ին ՀՀ գլխավոր դատախազությանը բողոք է ներկայացվելու Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին Շարժման պահանջի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի դրսևորած գործողության դեմ։ Քննիչը գրությամբ հայտնել է, որ պահանջի լուծումը հետաձգվել է, բացի այդ հրաժարվել է տրամադրել նաև տեղեկություն այն մասին, թե Նիկոլ Փաշինյանը նշված քրեական գործով հարցաքննվել է, թե՝ ոչ: