Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում հիմք կընդունեն 1918 թվականի և մինչև 1991թ. Խորհրդային Միության փլուզումը եղած բոլոր քարտեզները, և որ 1918-20 թվականների որոշ քարտեզներով Երևանը, Սյունիքը իբր Ադրբեջանի կազմում են:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստից հետո Գրիգորյանը նշել է, որ քարտեզների մասով կամ պատմական էքսկուրսիայի մասով չի պատրաստվում որևէ հայտարարություն անել՝ բոլոր քարտեզները և պատմական փաստերը կան, հանրության ցանկացած անդամ և Հայաստանում, և Ադրբեջանում, կարող են քարտեզներին ծանոթանալ և իմանալ, որ տարածքը պատմականորեն ում է պատկանել։
ԱԽ քարտուղարը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրի հարցերից մեկը հենց միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն է։
Հարցին, թե արդյոք Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ճանաչելը ենթադրո՞ւմ է Արցախն Ադրբեջանի կազմում թողնել, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․
«Ադրբեջանի 5 կետին եղել է Հայաստանի 6 կետանոց պատասխանը։ Հայաստանի համար այդ 5 կետերում անընդունելի կետ չի եղել։ Հայաստանն իր 6 կետերով առաջարկել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ևս լուծում պետք է տրվի, որպեսզի հնարավոր լինի համապարփակ խաղաղության պայմանագիր ունենալ։ Այս պահին մեր մոտեցումն այն է, որ այդ երկու փաթեթները՝ 5+6 կետերը պետք է միացնել իրար և սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, որպեսզի նաև մենք երկարաժամկետ գտնենք ԼՂ հիմնախնդրի լուծումը»։