Մայիսի 15-ի՝ Լիբանանի խորհրդարանական ընտրությունների նախօրեին, տեղեկացանք, որ Լիբանանի հայաշատ Բուրջ Համուդ թաղամասում բռնության են ենթարկվում ընտրություններում ՀՅԴ մրցակից ցուցակի անդամները և նրանց սատարող ակտիվիստները։ Մեր աղբյուրների տեղեկություններով՝ բռնարարքների հեղինակները ՀՅԴ-ին մոտ կանգնած մարդիկ են, որոնց թվում են նաև նույն շրջանի ՀՅԴ թեկնածուի թիկնապահները։
Ավելին, մեր ձեռքի տակ է հայտնվել այս ամենն ապացուցող տեսանյութ, որտեղ մի խումբ ՀՅԴ-ականներ ծեծի են ենթարկում իրենց մրցակից կուսակցության ակտիվիստին։ Նշենք, որ տեսանյութում երևում է քաղաքապետարանի ոստիկանի հագուստով անձ, ով ևս մասնակից է բռնությանը։ Այս երևույթը իրավապահ համակարգի կողմից հաստատվելու դեպքում, բացահայտ կդառնա, որ ՀՅԴ-ն շահագործում է Բուրջ Համուդի քաղաքապետությունը իր շահերի համար։
Լուրի իսկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք Լիբանանի Զարթոնք օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանի հետ, ով ափսոսանքով հաստատեց տեսանյութում պատկերվածը։
Սևակ Հակոբյանը ավելացրեց, որ կատարվածը պատիվ չի բերում լիբանանահայ համայնքին։ Նա նշեց, որ ՀՅԴ Լիբանանի ղեկավարությունը պետք է ավելի զուսպ լինի՝ ինչ էլ լինեն ընտրություններից սպասելիքները։