Այսօր՝ մայիսի 19-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մինսկի փողոցի շենքերից մեկի բակում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 32-ամյա Մամիկոն Օ-ն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն է գործել՝ նշված շենքի 6-րդ հարկի պատուհանից ցած նետվելու միջոցով։ Փաստի առթիվ ավագ քննիչ Ն. Պավլովի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Մամիկոն Օ-ն ծառայում էր ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում, կոչումով կապիտան էր։