Ավարտվեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների և Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպումը։ Արցախի ազգային հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը լրագրողներին և հավաքվածներին հայտնեց, թե ինչ են քննարկել Գագիկ Ջհանգիրյանի հետ։
«Մենք հանդիպեցինք և ներկայացրինք մեր պահանջները։ Մեր գլխավոր պահանջը, որ դատական նիստերը տեղի ունենան դռնբաց, լսվեց Գագիկ Ջհանգիրյանի կողմից։ Նաև ներկայացրեցինք գործող դատավորի՝ ծնողների հանդեպ ունեցած բացասական տրամադրվածության մասին։ Մեզ ասեցին՝ քանի որ մենք այս քրեական գործով դատավարական կողմ չենք, իրավունք չունենք դատական նիստերը դռնբաց անելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել։ Այդ միջնորդությունը պետք է ներկայացնի մեղադրող կողմը՝ Արծվիկ Մինասյանը և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը։ Նիստի օրը՝ մայիսի 30-ին մեղադրող կողմը կներկայացնի համապատասխան միջնորդություն և դրանից հետո եթե մեր ցանկությունը չբավարարվի, ապա մենք նորից կգանք այստեղ ու կբողոքենք։ Կարծես՝ դրական տրամադրվածություն կար Գագիկ Ջհանգիրյանի կողմից։ Նա մեզ ասաց, որ չի կարող դատավորին պարզապես հրամայել որևէ բան։ Նա ասաց, եթե ձեր պահանջը չի բավարարվի, կգաք ես ձեզ նորից կլսեմ։ Հույս ունենք, որ մեր պահանջները և դիտարկումները հաշվի կառնվեն։ Ակնհայտ է, որ տվյալ դատավորը որևէ տրամադրվածություն չունի ծնողներին ընդառաջ գնալու։ Մեր այս հավաքն իր դրական ազդեցությունը հուսով եմ կունենա»,- ասաց Կարին Տոնոյանը։
Քրեական գործով մեղադրող կողմ հանդիսացող Արծվիկ Մինասյանը նշեց՝ առաջին իսկ դատական նիստից սկսած իրենք զգացել են դատավոր Կարեն Բիշարյանի կանխակալ մոտեցումն այս հարցում և ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։
«Դատավորը քննարկել է այդ միջնորդությունն ու մերժել։ Երկրորդ միջնորդությունը վերաբերում էր տուժողներին որպես երրորդ անձ ներգարվելուն։ Այդ միջնորդության քննարկման ժամանակ էլ միջադեպ տեղի ունեցավ։ Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ, հետ վերադարձավ և դատական նիստերը դռնփակ անցկացնելու որոշում հրապարակեց։ Ամբողջ խնդիրն այն է, որ նույն պահին և դրանից հետո ես և փաստաբանը միջնորդել ենք, որ դատավորը վերանայի որոշումը և փոխի այն, որովհետև այդ որոշմամբ չի կարող կատարվել արդարադատության հիմնարար երկու սկզբունքնեիրը՝ հրապարակայնությունը և իրավունքի ուժով տուժող ճանաչված անձանք ներգրավվածությունն այս գործընթացում։
Հետևաբար, պարոն Ջհանգիրյանը կամ մանիպուլացնում է իրավիճակը, կամ սխալ տեղեկություն են իրեն հաղորդել։ Այնուամենայնիվ, մենք երկուշաբթի օրը նորից միջնորդություն կներկայացնենք, քանի որ անհնար է պատկերացնել այս դատական գործն առանց տուժողների իրական իրավահաջորդների ներկայության։ Ինչպես նաև առանց լրատվամիջոցների։ Պարոն Ջհանգիրյանին ուզում եմ նաև տեղեկացնել, որ այն, ինչ այսօր կատարվում է դատարաններում, այդ թվում այս դատարանում, ակնհայտ ցույց է տալիս, որ իշխանությունը՝ ի դեմս գործադիր իշխանության ղեկավարի և դատական անկախությունը ապահովող խորհրդը՝ ի դեմս իրեն, ամեն ինչ անում են, որպեսզի երկրում արդարադատություն չլինի։ Այդ մեղավորությունը լինելու է ձեր վզին։ Մենք պայքարելու են։ Մենք կանգնած ենք լինելու մեր հայրենիքի համար կյանքը չխնայած նահատակների հարազատների կողքին։ Որևէ իշխանություն չի կարող նրանց իրավունքները նսեմացնել»,- հավաքվածներին ասաց Արծվիկ Մինասյանը։
Քրիստինա Աղալարյան