«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, Մինսկի խումբն ավարտել է իր գործունեությունը»։ Այս մասին, AzerTAc-ի փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Զանգելանի շրջանի (հայկական անվանումը՝ Կովսական — խմբ․) Ագալի գյուղում։
«Մենք սահմաններ ենք գծում Հայաստանի հետ, Լեռնային Ղարաբաղի ի՞նչ կարգավիճակի մասին կարող է խոսք լինել։ Մայիսի 24-ին ադրբեջանահայկական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների հանձնաժողովների առաջին հանդիպումը։ Սա մեծ նշանակություն ունի։ Կա Ղարաբաղի գոտի, Ղարաբաղի շրջան, որը Ադրբեջանի տարածքն է, և դա ընդունում են բոլորը։ Ուստի Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպումը մեծ նշանակություն ունի»,- ասել է Ալիևը։
Ալիևի խոսքով՝ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պաշտոնապես վերջ կդնեն, իր խոսքով, Հայաստանում ռևանշիստական, ֆաշիստական (նկատի ունի ընդդիմությանը․- խմբ․) ուժերի կողմից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին։