Փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին «Դիմադրություն» շարժման մասնակիցների հետ բախումներին և ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելուն՝ ասաց, որ բիրտ ուժ կիրառելու հանձնարարական չի եղել և եթե հասարակական կարգի խախտում է տեղի ունենում, ոստիկաններն այդ ժամանակ համաչափ ուժ են կիրառում:
Փոխոստիկանապետն ընդգծեց, որ արդեն իսկ 50 ծառայողական քննություն է անցկացվում, 10 քրեական գործ է հարուցվել: «Վեց ոստիկան և հինգ քաղաքացիական անձ է տեղափոխվել հիվանդանոց: Ոստիկանության աշխատակիցներից մեկի մոտ ողերի կոտրվածք է հայտնաբերվել»,- ասաց նա՝ հավելելով, թե քանի որ մայրաքաղաքում հավաքներ և ցույցեր են տեղի ունենում, հասարակական կարգն ու անվտանգությունը ապահովելու նպատակով մարզերից ևս ոստիկանության աշխատակիցներ են ուղեգրվում Երևան: