Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Ինչպես հայտնում են Կառավարությունից, վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը և բարձր գնահատել ԵՄ-ի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանային կայունությանը միտված ջանքերը: Տարածաշրջանային խաղաղության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը:
Տոյվո Կլաարը նշել է, որ Եվրամիությունը կարևորում է Հայաստանի հետ փոխգործակցության խորացումը և աջակցում է տարածաշրջանային երկխոսությանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ: Անդրադարձ է եղել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքներին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն առնչվող հարցերի: