Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ընդդիմադիրները երթով գնացել էին ԵՄ գրասենյակ, որտեղ իրենց դժգոհությունը հայտնեցին օրեր առաջ ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման վերաբերյալ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը նշեց, որ ԵՄ դեսպանը 2018 թվականին առիթը բաց չէր թողնում քաղաքական հայտարարություններ անելու համար, բայց այսօր նրանք լուռ են։
Վարդևանյանի խոսքով՝ այդ օրը տասնյակ մարդիկ են տուժել ոստիկանական գործողություններից, սակայն շատերը չեն դիմել բուժօգնության, ինչն էլ իշխանական շրջանակներին առիթ է տվել հայտարարելու, որ ոստիկանների մեջ տուժածներն ավելի շատ են եղել։ Պատգամավորը վստահեցրեց, որ ոստիկանների մեծ մասը տուժել են հատուկ միջոցների սխալ օգտագործման հետևանքով, իսկ որոշ միջոցներ էլ եղել են ժամկետնանց։
Խոչընդոտվել է նաև ԶԼՄ-ների աշխատանքը, օպերատորներից մեկի գույքը վնասվել է, վերջինս ստացել է նաև վնասվածք։