Եվրոպական Միությունը չափազանց կարևորում և աջակցում է ժողովրդավարական կառավարման համակարգի բարեփոխումները, իրավունքի գերիշխանության հաստատումը, խտրականության դեմ պայքարը Հայաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորհրդաժողովի ժամանակ այս մասին ասաց ՀՀ-ում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը:
«Մենք մշտապես աջակցել ենք արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանը, ինչի նպատակով երկարաժամկետ ու կարճաժամկետ աջակցություն ենք տրամադրել: Մենք բարձր ենք գնահատում այն ջանքերը, որ Հայաստանը վերջին տարիներին գործադրել է ժողովրդավարական գործընթացների առումով, նաև շատ կարևոր է,որ քաղաքական ղեկավարությունը հանձնառու է շարունակել սահմանադրական բարեփոխումները, որոնք նախատեսված են դատաիրավական բարեփոխումների 2019-2021 թվականների ռազմավարությամբ»,- ընդգծեց Վիկտորինը:
ԵՄ դեսպանի խոսքով՝ անկախ դատական համակարգը ժողովրդավարական երկրում երաշխավորն է մարդկանց իրավունքների և ազատությունների, ուստի Սահմանադրական դատարանը կարևոր դերակատարում ունի ամրապնդելու հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ:
«Հայաստանը բազմաթիվ մարտահրավերների առջև է կանգնած, և մենք շատ տպավորված ենք, որ իշխանությունները պատրաստակամորեն շարունակում են ընթանալ բարեփոխումների ուղով: Ներկայումս երկրում մեծ լարվածություն կա, և շատ կարևոր է, որպեսզի բոլոր կողմերն աշխատեն միասին՝ պաշտպանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքները: Մենք ուշի ուշով հետևում ենք երկրում ներքաղաքական իրավիճակին և բողոքի ցույցերին: Բոլոր կողմերին մեկ ուղերձ ենք փոխանցում՝ նվազեցնել լարող իրավիճակը: Շատ կարևոր է, որպեսզի մարդիկ կարողանան ազատ բարձրաձայնել իրենց կարծիքը, իսկ իրավապահ մարմիններն ու ոստիկանական ուժերը պետք է ձեռնպահ մնան բիրտ ուժի գործադրումից: Տեղի ունեցած որոշ միջադեպեր ենթակա են քննության, որոշ դեպքերում դա արդեն իսկ տեղի է ունենում, գործերը հասնում են դատարան և կայացվում է որոշում: Այդպես է աշխատում ժողովրդավարությունը»,- ասաց Վիկտորինը:
ԵՄ դեսպանը շատ է կարևորում, որպեսզի Հայաստանում բոլոր կողմերը ձեռնպահ մնան ատելության խոսքից, սադրանքներից: Պետք է դատապարտվի ցանկացած բռնություն:
«Այս իրավիճակում, կարծում եմ, որ ավելի քան կարևոր է խրախուսել վստահությունը մեր Սահմանադրական դատարանի և դատական համակարգի նկատմամբ»,- եզրափակեց Վիկտորինը: