Եթե Հայաստանում կա մեկ բան, որը վտանգված է, դա ընդդիմութունն է, նրա վաղվա օրն է։ Ես չեմ պատկերացնում փողոցային այս կիսատ-պռատ պայքարից հետո ինչպես են վերադառնալու խորհրդարան և շարունակեն աշխատանքը այն պարագայում, երբ խոստացել էին հրապարակից տուն չգնալ մինչև վերջնական նպատակին չհասնելւ։ Իմ կարծիքով այդ հավաքները ամենևին Արցախին, Արցախի հարցին չեն վերաբերվում։ Նրանք այստեղ բոլորովին այլ շահեր են սպասարկում։ Այս մասին ասաց Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը։
«Մենք ունենք մեր սեփական օրակարգը․ դա խաղաղության օրակարգն է, իսկ եթե բանակցություններ են գնում, նշանակում է կարող են լինել փոխզիջումներ, միակողմանի զիջում Հայաստանի կողմից չի լինելու։ Զիջումներ լինելու են և՛ Հայաստանի և՛ Ադրբեջանի կողմից։ Բանակցային փաթեթին չեմ տիրապետում»,- ասաց Գարիկ Սարգսյանը։
Լրագրողի հարցին, կարող է հստակ ասել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, քանզի ՔՊ-ական պաշտոնյաները խուսափում են այդ մասին խոսել, Գարիկ Սարգսյանը հիշեցրեց Արարաատի մարզպետի խոսքերը։
«Ես գիտեմ, որ ընդդիմության ներկայացուցիչները Արարատի մարզպետին այդ հարցը տվել են և մեր մարզպետը հստակ պատասխան է տվել՝ ոչ մի իշխանություն, ոչ մի պաշտոն չունի այն գինը, որն ունի հայրենիքը։ Եթե հարց դրված լինի իշխանություն պահելու կամ շարունակելու պաշտոնավարելու, մեր մարզպետը պատասխանել է, որ ընտրելու է հայրենիքը, որի համար բոլորս կռվելու ենք։ Արցախը նույնպես համարում եմ իմ երկիր»,- 24news.am-ի հետ զրույցում նշեց ՔՊ-ական համայնքապետը։
Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցին Գարիկ Սարգսյանը նշեց․ «Ես անկաշկանդ կարող եմ ասել, որ շատ կուզեի Արցախը ոչ թե առանձին Հանարպետություն լիներ, այլ Արցախի ինքնավար մարզը իր շրջաններով և գրավյալ տարածքներով միանար ՀՀ-ին և լիներ Հայաստանի 11-րդ մարզը։ Ոչ մի կերպ չեմ տեսնում Արցախը Ադրբեջանի կազմում»։