Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների կողմից իր աշխատասենյակ մուտք գործելու և 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների մասունքների նկարները նախարարի ուղղությամբ նետելու հարցով դիմել է Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովին։
Լրագրողների հետ ճեպազրույցում Ավանեսյանը ասաց, որ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները պատգամավորին ոչ հարիր պահվածք են դրսևորել Առողջապահության նախարարությունում։
«Ես կարծում եմ՝ Ազգային ժողովում Էթիկայի հանձնաժողովը, որը կստեղծվի, մանրամասն կքննի այս վարքագիծը, պատգամավորին ոչ հարիր գործելաոճը ու խստորեն արձագանք կլինի դրան», — նշեց Ավանեսյանը։ Նախարարի խոսքով՝ ընդդիմադիրները ոչ թե հանդիպում են ուզում, այլ՝ «բեմականացված ու գռեհիկ շոուներ»։
«Այո՛, ոստիկանական ուժերն ու մեր բոլոր իրավապահները պետք է գործեն խստիվ, օրենքի շրջանակներում», -նշեց նախարարը։