Այսօր 14։00-ից ընդդիմադիրները ինքնաբուխ հավաք են կազմակերպել։ Նրանք ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանի նախաձեռնությամբ քայլերթ են իրականացրել դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք, ապա՝ փակել Վազգեն Սարգսյանը փողոցը՝ Գլխավոր դատախազության մոտ՝ ի նշան բողոքի։ Այս պահին քաղաքացիները Օպերայի հրապարակում են։ Քիչ առաջ թեթև վիճաբանություն տեղի ունեցավ ոստիկանների ցուցարարների և ցուցարարների ու Նիկոլ Փաշինյանի համակիր անցորդների միջև։
Արամ Վարդևանյանը նշեց, որ երեկոյան 19։00-ին նստացույց են իրականացնելու։ «1988-ին նստացույց արած մարդկանց նստացույցի շարունակությունն է սա, այդ տրամաբանությունը կտեսնեք այստեղ։ Վրանների հետ կապված տրամադրության անկում չենք ունենում։ Մենք այսօր էլ ակցիա իրականացրեցինք, ոստիկանների նյարդերը տեղի տվեցին, նրանք մկտածում էին, եթե վրանները հանել ենք, պայքարն ավարտված է։ Մենք հոգնել չունենք։ Ցանցային էլ, ապակենտրոն էլ, կենտրոն էլ բոլոր հապավումները կարող եք օգտագործել այս պայքարի մասով։ Այս պայքարի ելակետը մեկն է՝ գնալու ենք մինչև վերջ, մինչև հաղթանակ։ Վրան լինի թե չլինի, հոգնել չունենք, վճռականության պակաս չունենք»,- ասաց Վարդևանյանը։ Նա խնդրեց չնույնականացնել Արթուր Վանեցյանի նստացույցը այս նոր սկսվող նստացույցի հետ։