Արմատական ընդդիմությունը փորձում է ներկայացնել, թե իրենք առաջնորդել են «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» թեզով։ Ստիպված եմ հիասթափեցնող լուր հայտնել։ Բանակցային գործընթացի ողջ ընթացքում թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը ու նրանց քաղաքական արբանյակ Դաշնակցությունը Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս և/կամ չեն առաջնորդվել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով։ Բնականաբար նման պատասխանատու հայտարարությունը պետք է հիմնավորված լինի կոնկրետ ապացույցներով։ Ես հիմա պատրաստվում եմ դրանք ներկայացնել։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«1998 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ այն ժամանակվա իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ համաձայնել է որպես բանակցությունների հիմք ընդունել համանախագահների կողմից ներկայացրած, այսպես կոչված, ընդհանուր պետություն առաջարկը, որում ասվում է, մեջբերում եմ․ «Լեռնային Ղարաբաղը հանրապետական ձևի պետական և տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններով»։ Երկրորդ մեջբերումը՝ «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները որպես անձը հաստատող վկայական կունենան Ադրբեջանի անձնագիր՝ Լեռնային Ղարաբաղ հատուկ նշումով»։ Այս մասին բնականաբար իմացել են թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը և թե՛ Դաշնակցությունը։ Տարօրինակ է, թե ինչո՞ւ համանախագահության այս առաջարկին նրանք չեն արձագանքել, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ընդհակառակը։ Վերը հիշատակված տարբերակը ընդունելով, նրանք ոչ միայն չեն բացառել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, այլ՝ համաձայնել են բանակցային փաթեթի առանցքային տրամաբանությանը, որ Արցախը պիտի լինի Ադրբեջանի կազմում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։ Ավելին, նրանք այս քայլով արհամարհել են 1991 թվականի սեպտեմբերի 2-ի՝ Արցախի ընդունած անկախության հռչակագիրը և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն ու դրա արդյունքները»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Շարունակելով խոսքը, նա նշեց․ «Ընդհանուր պետություն բանակցային փաթեթին հաջորդել է, այսպես կոչված, տարածքների փոխանակման փաթեթը, որի մասին նույնպես մի քանի անգամ խոսելու առիթ ունեցել եմ։ Բայց այսօր ուզում եմ ընդգծել, որ այդ բանակցային փաթեթով, Հայաստանի այն ժամանակվա կառավարիչները Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս։ Ինչո՞ւ։ Որովհետև նշված փաթեթի իմաստն այն էր, որ Հայաստանն Ադրբեջանին է հանձնում Մեղրիի շրջանը և փոխարենը ստանում Լեռնային Ղարաբաղը։ Այսինքն, եթե Հայաստանն իր ինքնիշխան տարածքի մի մասը հանձներ Ադրբեջանին Ղարաբաղը ստանալու համար, նշանակում է՝ Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք։ Այստեղ լրացուցիչ մեկնաբանության կարիք, կարծում եմ, չկա, որովհետև խնդրո առարկա նախագծում ուղիղ գրված է, որ Հայաստանը Մեղրիի շրջանն է տալիս, Ադրբեջանը՝ Լաչինի շրջանը, Շուշին և Լեռնային Ղարաբաղը։ Ուշադրություն դարձրեք՝ Ադրբեջանն է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին տվողը։ Նշանակում է, որ Քոչարյանն ընդունել է, որ Ղարաբաղը Ադրբեջանինն է՝ Շուշիի և Լաչինի հետ միասին, ինչպես Մեղրին է Հայաստանինը, որն իր հերթին տալիս էր Ադրբեջանին։ Բանակցային այս երկու կոնցեպտների քննարկումով մենք տեսնում ենք, որ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան-Դաշնակցություն եռյակը իր իշխանավարության տարիներն մի դեպքում ընդունել է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, մյուս դեպքում՝ ընդունել է, որ Արցախը Ադրբեջանի կազմում է։ Այս իրողություններն ավելի են ամրապնդվել մադրիդյան սկզբունքների քննարկման ժամանակաշրջանում։ Հայկական կողմը համաձայնել է դրանք ընդունել որպես բանակցությունների հիմք։ Երբ դա տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանը երկիրն էր ղեկավարում, Սերժ Սարգսյանը վարչապետ էր, Դաշնակցությունն էլ կառավարության մաս էրև իշխող թիմի անդամ ու հենարան։ Ինչպես բանակցային ողջ ընթացքում, այնպես էլ Մադրիդյան սկզբունքների ընդունման ժամանակ նրանք համատեղ պատասխանատվություն էին կրում։ Մադրիդյան սկզբունքներն ընդունելով, ՀՀ այն ժամանակվա ղեկավարներն ընդունել են Արցախը որպես Ադրբեջանի մաս և բացառել են Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական հնարավորություն։ Ինչպես հայտնի է՝ Մադրիդյան սկզբունքներով սահմանվում էր, որ ԼՂ ապագա կարգավիճակը պետք է որոշվի կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունենալիք հանրաքվեի միջոցով։ Այդ դեպքում՝ ու՞ր մնաց 1991-ի անկախության հանրաքվեն։ Եթե դու ասում ես, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով, փաստորեն հայտարարում ես, որ 1991-ի հանրաքվեն որոշիչ չի եղել։ Հայկական կողմի ամբողջ ասելքիը եղել է այն, որ ԼՂ երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և միանգամայն օրինական եղանակով հանրաքվեով դուրս է եկել խորհրդային Ադրբեջանի կազմից։ Եվ ահա, մադրիդյան սկզբունքներն ընդունելով, Քոչարյան-Սարգսյան-Դաշնակցություն եռյակը ԼՂ վերադարձրել են Ադրբեջանի կազմ»։