Ընթացիկ տարում Հայաստանի Հանրապետությունից ապաստան և փախստականի կարգավիճակ են հայցել ավելի քան 250 օտարերկրացիներ՝ մեծ մասը Ուկրաինայից։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Միգրացիոն ծառայությունից, 2022 թվականի հունվար-մարտ ժամանակահատվածում ծառայությունը (ՄԾ) ապաստանի հայցեր է ստացել աշխարհի 13 երկրներից՝ Ուկրաինա, Իրան, Իրաք, Կուբա, Լիբանան, Սիրիա և այլն։
Վերջին տասը տարիներին Հայաստանի Հանրապետությունը փախստականի կարգավիճակ է տրամադրել ավելի քան 1500 ապաստան հայցողների։ Վերջին 5 տարիներին ՄԾ-ը տարեկան միջինը 220 ապաստանի հայց է ստանում:
Միգրացիոն ծառայությունը 2020 թվականի՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի օրերին իրականացրել է Արցախից տեղահանված անձանց տվյալների հավաքագրում, որոնք մշակում և, ըստ աշխատանքային անհրաժեշտության, այլ գերատեսչությունների է տրամադրում։
Տվյալները հավաքագրվել են տնայցերի միջոցով. Երևանում՝ քաղաքապետարանի Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության տարածքային աշխատակազմերի ներկայացուցիչների ուղեկցությամբ, մարզերում՝ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի ներկայացուցիչների միջոցով:
Էլեկտրոնային շտեմարանում գրանցվել են մոտ 91 հազար անձանց տվյալներ՝ 88 տոկոսը՝ կանայք ու երեխաներ:
Ադրբեջանից բռնի տեղահանված փախստականների բնակապահովման ծրագիր
ՄԾ-ն իրականացնում է Կառավարության 2019-ի նոյեմբերի 21-ի 1666-Ն որոշմամբ մեկնարկած բնակարանային ապահովման ծրագիրը՝ 1988-1992 թթ-ին Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած փախստական ընտանիքների համար: Բնակարանի գնման վկայականներ է տրամադրվել 270 ընտանիքի՝ 3.7 մլրդ. դրամի ընդհանուր արժողությամբ։ Այդ ընտանիքիներից մոտ 200-ը (ԲԳՎ ստացածների շուրջ 75 տոկոսը) արդեն իսկ ձեռք է բերել բնակարան։
2022 թվականի մարտի 10-ին ՀՀ կառավարությունն ընդունել է թիվ 283-Ն որոշումը, որով կմեկնարկի ծրագրի իրականացումը ՀՀ մարզերում։ Ըստ 2013 թվականին կատարված ուսումնասիրությունների՝ մարզերում ծրագրի հավակնորդ շահառու է հանդիսանում 254 ընտանիք։ Ներկայումս ընթանում է մարզերում բնակվող հավակնորդ շահառուների վերահաշվառման գործընթաց:
Հունիսի 20-ն աշխարհում նշվում է որպես Փախստականների համաշխարհային օր: