ՀՀ արդարադատության նախարարությունը լիազորություն չունի ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխնախարար Գրիգոր Մինասյանն ՝ անդրադառնալով Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրության վերաբերյալ հարցին:
Գրիգորյան Մինասյանը նախ նշեց, որ գործադիրն այն մարմինը չէ, որ կարող է մեկնաբանել այդ ձայնագրությունը, քանի որ դա կդիտվի դատական իշխանության նկատմամբ միջամտություն, ինքն իր լիազորությունների շրջանակում իրավասու չէ գնահատական տալ:
«Դա կդիտվի միջամտություն դատական իշխանությանը: Արդարադատության նախարարությունն ունի իրավասություն՝ կարգապահական վարույթների շրջանակներում տվյալ հարցի հետ կապված միջամտություն գործել: Բայց այս առումով էլ սահմանափակված ենք, քանի որ մենք՝ որպես լիազոր մարմին, այդ շրջանակներում իրավասություն չունենք»,-ասաց փոխնախարարը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք նախարարությունն ունի լիազորություն Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել՝ բացասական պատասխան տվեց:
«Ոչ, չունի, ԲԴԽ 3 անդամները միայն կարող են օրենքով սահմանված կարգով Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկել: Խորհրդի միայն 3 անդամ կարող է այդ գործընթացն առաջ տանել, նախարարությունը որևէ լիազորություն չունի»,-ասաց Մինասյանը: