Հայաստանում 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում և հանրապետության նարկոլոգիական ծառայություններում հաշվառված անձանց թիվը կազմել է 7570: 2021 թվականի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է 7100:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» տնօրեն Սուրեն Նազինյանը նշեց, որ Հայաստանում նկատվում է թմրամիջոցներ գործածողների թվի աճ:
«Նշված անձանց 70 տոկոսը 30-50 տարեկան անձինք են, սակայն վերջին շրջանում տեսանելի է, որ թմրամիջոցների գործածումը բնորոշ է դարձել նաև ավելի երիտասարդների, երբեմն էլ դեռահասների շրջանում։ Հաշվառվածների շրջանում 170-ը կանայք են։ Ներկայացված թվի մեջ ներառված են ոչ միայն բուժում ստացող անձինք, այլև նրանք, որոնք իրավապահ մարմինների որոշումներով ուղեգրվել են հետազոտության»,- ասաց Սուրեն Նազինյանը։ Նա ընդգծեց, որ թմրամիջոցի օգտագործումը կարող է կործանարար լինել մարդու համար, և յուրաքանչյուրի պարտքն է ապրել թմրամիջոցներից զերծ կենսակերպով:
ՀՀ առողջապահության նախարարության հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու Գևորգ Փաշիկյանի խոսքով՝ թմրամիջոցներ գործածողների թվի աճը պայմանավորված է նոր սինթետիկ թմրամիջոցների տարածմամբ։
«Այս տեսակի թմրամիջոցների հայտնաբերումը փոքր-ինչ դժվար է։ Եվս մեկ վտանգ կա` այդ նոր տեսակի թմրամիջոցները լուրջ հոգեկան խանգարումների պատճառ կարող են դառնալ։ Առաջին իսկ օգտագործումից հետո կարող են դիտվել սուր հոգեկան խանգարումներ, որոնց դեպքում ստացիոնար բուժումն արդեն անխուսափելի է։ Շատ հաճախ նման խանգարումները կրում են քրոնիկ բնույթ»,– ասաց Գևորգ Փաշիկյանը։ Ստացիոնար բաժանմունքում գտնվողները հիմնականում ինքնակամ են բուժման համար դիմում։