Ռուսաստանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իգոր Կրուտոյի ակադեմիայի մամուլի ծառայությանը, որը նախկինում կազմակերպել էր փառատոնի ազգային ընտրությունը։
Նշվում է, որ 2022 թվականին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցելու ազգային ընտրության հայտեր ակադեմիան չի ընդունի։
Այս որոշումն ընդունվել է ռուսական Առաջին ալիքի, «Օստանկինո» ռադիոկայանի և Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության (ВГТРК) Եվրոպական հեռարձակողների միությունից (EBU) դուրս գալու կապակցությամբ: Կազմակերպությունների դուրս գալը կապված էր EBU-ի որոշման հետ։ Նրանք Ռուսաստանին 2022 թվականին հեռացրել են Եվրատեսիլ երաժշտական մրցույթից։ Մրցույթն այս տարի կանցկացվի Հայաստանում: