Հայաստանում Ներքին գործերի նախարարության ստեղծմամբ կմիավորվեն 3 կառույցներ՝ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիոն ծառայությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով խորհրդարանական լսումներում:
«Ի սկզբանե բարեփոխումները միտված են եղել հենց ոստիկանության վերանայմանը, սակայն այդ բարեփոխումների շղթայում ներառվում են նաև Միգրացիոն ծառայությունը և Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Պետք է արտակարգ իրավիճակների՝ աղետների, ճգնաժամային այլ իրավիճակների պարագայում ունենանք մեկ կետից կառավարում, որը թույլ կտա ունենալ միասնական քաղաքականություն: Հետևապես, կարծում ենք, որ աղետների, ճգնաժամային և այլ իրավիճակներում մեկ կետից կառավարումը և միմյանց փոխլրացնող արձագանքն, ըստ էության, թույլ կտա ՆԳՆ-ին ավելի արդյունավետ կերպով իրացնել իր առջև դրված խնդիրները»,-ասաց Սարգսյանը:
Նա նկատեց, որ, օրինակ, Փրկարար ծառայությունը և Ոստիկանությունը միմյանց ռեսուրսներն օգտագործելու միջոցով շատ ավելի արդյունավետ կերպով կարող են հասնել խնդրի լուծմանը: Ըստ փոխնախարարի՝ նոր նախարարության շրջանակում այս երեք ուժերի մեկտեղումը թույլ կտա հանգիստ օգտագործել միմյանց ռեսուրսները, ունենալ միասնական մոտեցում տարբեր հարցերին:
«ՆԳՆ-ի տանիքի ներքո կունենանք 3 խոշոր ծառայություններ՝ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիոն ծառայությունը»,-ասաց Սարգսյանը:
Պետք է լինեն նաև կառուցվածքային փոփոխություններ, գործառութային շրջանակի վերանայումներ: Առանձնացվել են այն գործառույթները, որոնք ՆԳՆ-ի «տանիքի ներքո» պետք է կազմակերպվեն, և դրանց համար համապատասխան քաղաքականությունները պետք է մշակվեն: «Առաջինը՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում և բացահայտում: Երկրորդ կարևոր ֆունկցիան՝ աղետների ռիսկի կառավարումն է, երրորդը՝ պետական ռեզերվների կառավարումը: Հումանիտար հարցերը նույնպես կներառվեն ՆԳՆ-ի ֆունկցիոնալ բազայում: Վերջին կարևոր ֆունկցիան, որն, ըստ էության, կառուցվածքային լուրջ փոփոխություններ է ենթադրելու, միգրացիային և քաղաքացիությանը վերաբերող հարցերն են»,-ասաց փոխնախարարը:
Այս պահի դրությամբ միգրացիոն ոլորտով զբաղվում է ՏԿԵ նախարարության Միգրացիոն ծառայությունը, բայց կան հարցեր, որոնք բնորոշ են Միգրացիոն ծառայությանը, սակայն կենտրոնացված են Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում, կան գործառույթներ, որոնք բնորոշ են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, սակայն դրանք շարունակել են պահպանվել Միգրացիոն ծառայության գործառույթների ցանկում: Հետևաբար, փոխնախարարը կարևորեց միգրացիոն արդյունավետ կառավարում ունենալը: Միգրացիոն հոսքերի կառավարելիությունն ավելի արդյունավետ դարձնելու տեսանկյունից ՆԳՆ կազմում ստեղծվելու է Միգրացիոն և քաղաքացիության ծառայությունը, որը կմիավորի Անձնագրերի և վիզաների վարչությունը, նաև Միգրացիոն ծառայությունը:
Ոստիկանության պետը և Փրկարար ծառայության պետը համատեղելու են նախարարի տեղակալների պաշտոնները: