Տարածաշրջանային այցով Հայաստանում է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությունը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՀՀ Ազգային ժողովում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտնեց, որ հուլիսի 22-ին Դեյվիդ Մքալիսթերը Երևանում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ փոխխոսնակի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ:
Աղաջանյանի խոսքով՝ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Ազգային ժողովում ներկայացված բոլոր երեք քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի
«Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային արդի խնդիրները, մասնավորապես՝ տարածաշրջանային զարգացումները հետպատերազմյան ժամանակահատվածում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների, հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, այդ գործընթացներին զուգորդող խնդիրները և դրանց հնարավոր լուծումները: Արձանագրվել է նաև Եվրոպական խորհրդարանի դրական գործունեությունը և ազդեցությունը տվյալ գործընթացների վրա, մասնավորապես՝ նշվել և առանձնացվել են կոնկրետ հայտարարություններ և բանաձևեր, որոնք առնչվում են հայկական մշակութային ժառանգությանը Լեռնային Ղարաբաղում, ռազմագերին առնչվող հայտարարությանը Եվրախորհրդարանի կողմից, և հայկական կողմը արձանագրել է դրանք և շնորհակալ է մեր գործընկերներից այս սկզբունքային և օբյեկտիվ դիրքորոշման համար», — հաղորդեց Էդուարդ Աղաջանյանը: