Կառավարության՝ Միջազգային իրավական հարցերով գրասենյակը մինչև օրվա վերջ Մարդու իրավունքների եվրոպական դատարան հրատապ միջոց կիրառելու մասին դիմում է ուղարկելու՝ ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի: Գրասենյակի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ վաղ առավոտից մասնագետներն աշխատում են փաստաթղթի վրա, մինչև օրվա վերջ դիմումը կուղարկեն և հանդես կգան հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կիրառվում են նաեւ ԱԹՍ-ներ: Այնուհետև աշխարհագրությունն ընդլայնվել է, և ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև այլ բնակավայրեր՝ վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակչությանը: