Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հայտարարել է հոկտեմբերի 20-ից Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության մանդատը երկարաձգելու անհրաժեշտության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է դեկտեմբերի 6-ին կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ:
«Սահմանը մշտադիտարկելու միջոցով այս առաքելությունն իսկապես սահմանափակել է էսկալացիայի վտանգը», — ասել է Կոլոննան:
Կոլոննան նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը չի թուլացել: Նախարարը վերահաստատել է Ֆրանսիայի և Եվրոպական Միության աջակցությունը Հայաստանին և խոստացել, որ շարունակական ջանքեր կգործադրի տարածաշրջանում խաղաղության հաստատման համար: