Հայաստանի իշխանությունների հետ քննարկել ենք տարբեր հարցեր՝ խորհրդարանական դիվանագիտության ոլորտում համատեղ աշխատանքներ իրականացնելու, համատեղ կերպով Արցախի հայության շահերը պաշտպանելու վերաբերյալ, այդ պատրաստակամությունը իսկապես կա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։
Վերջինս նշեց, որ ՌԴ-ն ակտիվ ներգրավված է միջանցքի բացման աշխատանքներին։
«Մենք ուզում ենք, որպեսզի համապատասխան քայլեր ու գնահատականներ անեն նաև այլ երկրները ևս։ Գոհունակությամբ ուզում ենք նշել, որ լավ հայտարարություններ են եղել ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, եվրոպական տարբեր երկրներից, որոնք դատապարտել են Ադրբեջանին։ Այժմ ուզում ենք, որ գործընթացը հայտարարությունների փուլից անցնի գործնական փուլ, որովհետև Ադրբեջանի այդ ակցիան քաղաքակիրթ աշխարհի դեմ է»,- ասաց Բաբայանը։