Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, և իրադրության զարգացումները հրատապ պատասխանի սպասող հարցեր են բարձրացնում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայության համոզված կողմնակիցն է և այդ ներկայության ջատագովը, սակայն, հայկական կողմի համար անընդունելի է Լեռնային Ղարաբաղի հայաթափման լուռ վկա դառնալու Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը։