Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը մանրամասներ ներկայացրեց Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման նախագծից։
«Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե ի՞նչ փուլում է գտնվում նոր ՔԿՀ-ի կառուցումը, արդյո՞ք հայտնի է, թե երբ այն շահագործման կհանձնվի, Մինասյանը պատասխանեց, որ արդեն իսկ կազմվել է նոր քրեակատարողական հիմնարկի տեխնիկական նախնական գծագիրը և եռաչափ մոդելը:
«Մշակվել են նոր քրեակատարողական հիմնարկի հայեցակարգը և ազատազրկվածների զբաղվածության մոդելը, շինարարական աշխատանքներին ընդառաջ կառույցների տեղակայման տեղամասերում իրականացվել է ինժեներաերկրաբանական հետազոտություն, հիմնարկի կառուցման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար արդեն իսկ հայտարարվել է մրցույթ:
Նոր քրեակատարողական հիմնարկը նախատեսվում է շահագործման հանձնել առաջիկա 3 տարիների ընթացքում»,- հայտնեց Մինասյանը։
Նախարարի խոսքով՝ այն նախատեսված կլինի ինչպես դատապարտյալների, այնպես էլ կալանավորված անձանց պահելու համար, կունենա նաև ստացիոնար բաժանմունք: