2018-ի մայիսից հետո ես երկու անգամ հրաժարական եմ տվել, երկու անգամն էլ տեղի են ունեցել ընտրություններ՝ 2018-ի աշնանը և 2021-ին: Դրանք միջազգային հանրության կողմից գնահատվել են որպես ազատ, արդար և թափանցիկ։ Սրանով, ըստ էության, ամեն ինչ ասված է։ Մենք չենք կարող փողոց դուրս գալ ու ասել՝ ո՞վ է ուզում ժողովրդից ստացած իշխանությունը, վերցրեք։ Իշխանության ճակատագիրը որոշում է ժողովուրդը: Հո ամեն շաբաթ հրաժարական չե՞ն տալիս։ Այստեղ քննարկելու երկրորդ բան չկա։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր հրաժարականի պահանջին:
«Ես պատասխանատու եմ ոչ միայն նրա համար, որը մինչ հիմա է տեղի ունեցել, այլև նրա համար, որ սրանից հետո է տեղի ունենալու: Ես այդ պատասխանատվությունը պատրաստվում եմ կրել մինչ այն պահը, երբ իշխանության տերը կորոշի, որ ես այդ պատասխանատվության հետ գործ չունեմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։