2022 թ. դեկտեմբերի սկզբից Եվրոպական Միությունն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի երկայնքով և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և դրանց մարդասիրական հետևանքներին։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը մշտական կապի մեջ է երկու կողմերի արտաքին գործերի նախարարների հետ: Կողմերի հետ սերտ կապի մեջ է նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Եվրախորհրդարանի պատգամավոր Ասսիտա Կանկոյի՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ պաշտոնական հարցմանը Ժոզեպ Բորելի պատասխանում:
«ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել իր իրավասության սահմաններում միջոցներ ձեռնարկել՝ միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող իր պարտավորությունների», — նշված է փաստաթղթում: