Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նման մի հրեշավոր սադրանք տեղի է ունեցել երեկ, երբ ադրբեջանական կողմը նպատակային դիպուկահար կրակոցով սպանել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող Արշակ Սերոժայի Սարգսյանին։ Ցավակցություն հայտնելով սպանված ժամկետային զինծառայողի ծնողներին, հարազատներին՝ միջազգային հնարության ուշադրությունն եմ հրավիրում այն ակնհայտ փաստի վրա, որ Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ սա ավելի է հիմնավորվում Ադրբեջանի՝ պետական մակարդակով վարվող այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» անհեթեթ խոսույթով, որը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության բացահայտ ակտ է։
«Ընդհանուր առմամբ պետք է ընդգծեմ, որ այս խոսույթը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ մեր Կառավարությունը հենց սկզբից ճիշտ է ընթերցել Ադրբեջանի ուղերձները և Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության գոյության իրավունքը կասկածի տակ դնող քաղաքականությունն ու խոսույթն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորման պատճառը»,- եզրափակեց վարչապետը։