Հայկական Սփյուռքին, ՌԱԿ-ի անդամներին,
Թեքեյան Մշակութային Մության անդամներին, Դիտրոյթի հայ համայնքին,
Երվանդ Ազատյանի հարազատներին, մտերիմներին
հայտնում եմ իմ ցավակցությունները և կիսում ձեր վիշտը:
Խոր ցավով տեղեկացա, որ ավարտվել է խոշոր մտավորական, հայտնի լրագրող, թարգմանիչ, լայն մտահորիզոնով և բարձր արժեհամակարգով ազգային մեծ գործիչ, Հայրենիքի նվիրյալ, Ամերիկայի Միացիալ Նահանգների և Կանադայի Թեքեյան Մշակութային Միության կենտրոնական վարչության ատենապետ, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի արտասահմանյան բաժանմունքի անդամ, Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր Երվանդ Ազատյանի երկրային կյանքը:
Ի Տեր ննջեց մի Մարդ, որն ավելի քան յոթանասուն տարի իր անձեռակերտ հուշարձաններն է ստեղծել Բեյրութում, Կահիրեում, Բոստոնում, Մոնրեալում, Նյու Յորքում:
Նա 1959-1967 թվականներին Կահիրեի «Արև» օրաթերթի խմբագրապետն էր, հիմնադրել և խմբագրել է «Զարթոնք-սպորտ» շաբաթաթերթը, բազում ազգանպաստ թերթեր ու հանդեսներ:
Բեյրութի Ամերիկյան համալսարանն ավարտելուց հետո ուսումնատենչ երիտասարդը ձգտում է բացահայտել աշխարհը, նոր գիտելիքներ ձեռք բերել: Տեղափոխվելով ԱՄՆ՝ 1973 թվականին հաջողությամբ ավարտում է Բոստոնի «Նորթիսթըրն» համալսարանը, ապա Դիտրոյթի «Ուեյն» նահանգային համալսարանը։
Պարոն Ազատյանն ուներ հանրագիտարանային գիտելիքներ, մեծ իմաստնություն և խոր կենսափիլիսոփայություն։
Նա համոզված էր, որ լրատվական միջոցներով կարելի է համայնքային կյանքն աշխուժացնել, անհրաժեշտ տեղեկատվություն փոխանցել համայնքի անդամներին, համախմբել նրանց և թերթի միջոցով մայրենի լեզուն վառ պահել նրանց մեջ: Այդ էր պատճառը, որ իր բովանդակ կյանքի ընթացքում հիմնադրել և խմբագրել է տասնյակ օրաթերթեր, շաբաթաթերթեր, Կանադայի «Ապագա», Բեյրութի «Կամար» հանդեսները: Երվանդ Ազատյանը՝ որպես վարիչ-տնօրեն ղեկավարել է Բոստոնի «Պայքար» հաստատությունը, եղել այդ գրական հանդեսի և «Արմինիըն Միրըր-Սփեքթեյթըր» թերթի խմբագրակազմերի անդամ: Հզոր անհատականությունը թերթերի միջոցով տարածել է իր ներաշխարհին բնորոշ բարձր և լուսավոր արժեքներ, ներկայացրել է հայի մասին նվիրական պատումներ, ուրույն մտածումներ ու առաջարկներ: Պարբերականների էջերը նվիրել է հայ մշակույթին և հայ գրականությանը, հայ ազգային ինքնության պահպանմանը:
Որպես գրող՝ նա գրական ասպարեզ է իջել և ճանաչվել իր ուղեգրություններով՝ «Կեանք ու երազ Հայաստան» (1964թ․), ապա նրա բեղուն գրչի ուշագրավ արգասիքն են դարձել «Գրական-գեղարուեստական սեւեռումներ», «Դիմանկարներ և դիմաստվերներ», «Պատմությունը ընթացքի մեջ» գործերը:
Երվանդ Ազատյանը 2006թ․-ին հրատարակել է «Դիտումներ և դատումներ» անչափ կարևոր աշխատությունը: Այդ գործերը հնարավորություն են ընձեռում յուրաքանչյուր հայի` ներթափանցելու բացառիկ հայեցի լեզվամտածողությամբ օժտված անձնավորության ներաշխարհը, նրա բազմակողմանի մեկնաբանությամբ նորովի ծանոթանալու հայոց հոգևոր եւ մշակութային արժեքներին, բացահայտելու հայի որակները:
Նրա խոսքերը հայրենասիրության եւ Հայրենիքի նկատմամբ անասելի սիրո բյուրեղացած դրսևորումներ են: Ազատյանը դարձել էր ամրակուռ ու հաստատուն մի կամուրջ Հայրենիքի եւ Սփյուռքի միջեւ: Նրա հիմնած լրատվամիջոցների շնորհիվ է նաև, որ մեր համայնքներում պահպանվում են ազգային ոգին ու արժեքները, ստեղծվում է գրական ժառանգություն և փոխանցվում սերունդներին, ամրապնդվում են հայեցի ապրելու և հաղթելու կենսուժը, մաքառման կամքը, հավաքական անկոտրում ոգին:
Երվանդ Ազատյանը ԱՄՆ-ի համայնքի կարկառուն ներկայացուցիչներից էր, հայ արդի իրականության երդվյալ ու տաղանդաշատ մտավորական: Նրա կարողությունները և աշխատասիրությունը հաշվի առնելով էր, որ Մեծանուն Հայ, Հայաստանի Ազգային Հերոս Ալեք Մանուկյանը Ազատյանին էր ընտրել իրեն անձնական քարտուղար:
Ես տարբեր առիթների բերումով հաճախ եմ լսել Երվանդ Ազատյանի հիացական խոսքերն այդ բացառիկ Հայի մասին և խոստովանությունը, թե որքան բան է սովորել նրանից: Ալեք Մանուկյանի հետ մտերմությունն ու բարեկամությունն էր պատճառը, որ նա 1972-1997թթ.-ին՝ երկար ու ձիգ տարիներ եղել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Ալեք Մանուկյան Մշակութային Հիմնադրամի ատենապետը, 1973 թվականից՝ Դետրոյթի «Հայ մշակույթի ժառանգություն»՝ անգլերեն ռադիոծրագրի տնօրեն:
Անհանգիստ, պրպտող Ազատյանական ոգին մեծ ոգևորություն ապրեց, երբ Հայրենիքը հռչակվեց ազատ ու անկախ: Նա իսկույն իր ընկերների հետ ձեռնամուխ եղավ Հայաստանում օգտակար գործ կատարելու: Իր բարեկամ Հակոբ Ավետիքյանի հետ 1991թ.-ին հիմնադրեցին «Ազգ» օրաթերթը, որը դարձավ Հայաստանի Երրորդ Հանրապետության մայրաքաղաք Երևանում լույս տեսնող առաջին անկախ թերթը: Թերթ, որն ավելի քան երեսուն տարի հրատարակվում է՝ իր ուրույն ձեռագրով ու ասելիքով, և երբեք չի կորցնում իր դեմքը՝ անկախ հասարակական-քաղաքական ալեբախումներից: «Ազգ»-ը համարելով իր զավակը՝ պարոն Ազատյանը մշտապես թղթակցում էր նրան և հիացնում ընթերցողին իր հզոր ու ճկուն գրչով, ասելիքի թարմությամբ ու խորությամբ։ Նա իր գիտական, գեղարվեստական, հասարակական-քաղաքական, հրապարակախոսական, Հայրենիք-Սփյուռք գործակցության մասին հրապարակումներով զգաստացնում էր պաշտոնյաներին, մտածելու տեղիք տալիս մարդկանց: Հոդվածներում արտահայտված նրա խոհերն ու մտորումները հաճախ էին բավանդակում սուր և կառուցողական քննադատություն։ Որպես հայրենասեր ու անաչառ մտավորական՝ նա փորձում էր մատնացույց անել հասարակության մեջ եղած ախտերը և հաճախ տալիս էր թերությունների շտկման բանալիներ:
Որպես հավատարիմ թեքեյանական՝ միշտ կանգնած էր Երևանում ստեղծված Թեքեյան Մշակութային Միության կողքին և իր հովանավորությամբ Թեքեյան կենտրոնում, Ռուբեն Միրզախանյանի անխոնջ ղեկավարությամբ կյանքի կոչվեցին բազում ձեռնարկներ, նախաձեռնություններ, մրցանակաբաշխություններ, ծրագրեր:
Երվանդ Ազատյանը միշտ եղավ իր Հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի կողքին։ Հատկապես վերջին երեսուն տարիների նրա հիմնական գործունեությունը նվիրված էր Մայր Հայրենիքին: Եվ պատահական չէր, որ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Երվանդ Ազատյանը 2009թ.-ին պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։ Նա նաև իսկական հայ քրիստոնյա էր, և բարձր է գնահատվել նրա նվիրումը Հայ եկեղեցուն․ Մայր Աթոռը նրան պարգևատրել է Հայ եկեղեցու Սուրբ Սահակ — Սուրբ Մեսրոպ շքանշանով:
Երվանդ Ազատյանը ծառայեց Մայր Հայրենիքին ու ժողովրդին՝ իր կարողություններով, ողջ հզոր մտավոր ներուժով։ Նա երբեք անհաղորդ չմնաց Արցախի դժվարություններին ու փորձություններին։ Հայաստանին պատած ողբերգությունն իրենը համարեց և հեռացավ ցավն ու տառապանքը հոգում:
Համոզված եմ, որ Ազատյանը ոչ միայն համայնքային իր մնայուն գործունեությամբ, այլև լայնախոհությամբ, բառ ու բանի ճոխությամբ բնութագրվող ստեղծագործություններով, թողած մտավոր ժառագությամբ կունենա հաստատուն տեղ հայ գրականության անդաստանում:
Ցավ է, որ կորցրինք մի հզոր ու տաղանդավոր մտավորականի, ազնիվ հայորդու, ով Հայկական Սփյուռքի երևելի և մնայուն դեմքերից էր, ՌԱԿ-ի շարժիչ ուժը և Թեքեյան Մշակութային Միության հենասյունը։
Թող լույսերի մեջ մնա Երվանդ Ազատյանի շիրիմը, և հոգուն խաղաղություն իջնի։
Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:
Խոր վշտակցությամբ՝
ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար,
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,
իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Հրանուշ Հակոբյան