Մայիսի 20-ին՝ Թանգարանների գիշեր միջոցառման շրջանակներում, Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը կրկին մարդաշատ էր։ Միջոցառումների մեկնարկը տրվեց Գուգարաց թեմի «Տուն» սոցիալ-կրթական կենտրոնի «Երեխաները երեխաների համար»վարպետաց դասով, որտեղ ներկայացվեց թելերի ներկման գործընթացը, բնական ներկանյութերի առանձնահատկությունները և կարպետագործության ավանդույթները։ Այնուհետև Վանաձորի Ալ. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտների մասնակցությամբ բեմադրվեց «Աշնան արև», «Ծառեր» (Հ. Մաթևոսյան) ներկայացումը, ինչը մեծ ոգևորությամբ ընդունվեց և գովասանքի արժանացավ հանդիսատեսի կողմից։

Ներկայացմանը հաջորդեց «Լոռվա հնագիտական ժառանգությունը սերունդների համար» նոր ցուցադրության բացման արարողությունը, որին ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, համայնքապետարանի մշակույթի, կրթության և զբոսաշրջության բաժնի պետի ժ/պ Քրիստինե Մադոյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Սուրեն Հոբոսյանը և նույն ինստիտուտի այլ աշխատակիցներ։

Բացման ընթացքում Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի անունից շնորհավորագիր հանձնեց Ք. Մադոյանը՝ շնորհավորելով թանգարանի տնօրեն Արմինե Ավդալյանին և աշխատակիցներին։

Հյուրերը, տպավորված Թեղուտի, Շնողի, Բարձրաքաշի տարածքներից հայտնաբերված հնագիտական նմուշների եզակիությամբ, հույս հայտնեցին, որ հետագայում ևս Լոռվա հարուստ գտածոները ի պահ կհանձնվեն ԼՓԵԹ-ին։ Ցուցադրության բացման արարողությունոց հետո մեր հյուրերը հնարավորություն ունեցան վայելելու «Li. Me» Vocal studio-ի սաների հոյակապ ելույթները, որի ավարտին թանգարանի տնօրեն Ա. Ավդալյանը շնորհակալություն հայտնեց ստուդիոյի գեղարվեստական ղեկավար Մելինե Չախալյանին՝ տոնական բարձր տրամադրություն ապահովելու և միջոցառմանը յուրօրինակ ջերմություն հաղորդելու համար։ Մ. Չախալյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց համագործակցության համար՝ հույս հայտնելով, որ այն կլինի շարունակական։ Համերգային փոքրիկ ծրագրին հաջորդեցՆիգՄա քվեսթ ակումբի կողմից կազմակերպված «Գիշերը թանգարանում» քվեսթը, որի ընթացքում մասնակիցներն անցան հետաքրքիր փորձությունների միջով, ստացան բազմազան հուշումներ՝ կորած արտեֆակտը գտնելու համար։

Միջոցառումների շարքը եզրափակվեցցուցադրությամբ՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյակին, որտեղ ներկայացվեցին հայկական ֆիլմերի և մուլտֆիլմերի բնօրինակ աֆիշաներ։

Ողջ օրվա ընթացքում այցելուները շրջեցին նաև«Լոռվա գորգագործական ավանդույթները», «Շուշիի գորգերի վանաձորյան ցուցադրություն», «Խաչքարեր՝ պատմության քարե վկաներ», Ռ. Ղարաբեկյանի և Ռ. Սարիբեկյանի նկարների ցուցասրահներում։

Հյուրերը թանգարանից հեռանում էին մեծ ոգևորվածությամբ, գոհունակ դեմքերով և ժպիտներով՝ կրկին վերադառնալու ակնկալիքով։

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք մեր բոլոր գործընկերներին՝ մաղթելով հարատև և հարուստ գործունեություն, ստեղծագործական հաջողություն և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ։
Ի.Բ.