Ռուսաստանը կշարունակի փոխգործակցել Թուրքիայի հետ և օգտագործել տարածաշրջանում իր ողջ ազդեցությունը ԼՂ հակամարտության ռազմական լուծումը կանխելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Մոսկվան և Անկարան սերտ գործընկերներ են, որոնք ունակ են ճկուն, պրագմատիկ մոտեցում ցուցաբերել եւ միմյանց հետ համագործակցել ռազմավարական տեսլականով:
Լավրովի խոսքով ՝ ռուս եւ թուրք դիվանագետների, զինվորականների եւ հատուկ ծառայությունների գործնական եւ առարկայական փոխգործակցության ակնառու օրինակներ են Սիրիան և Լիբիան:
«Լեռնային Ղարաբաղի դեպքում իրավիճակը սկզբունքորեն տարբերվում է, ինչի մասին ես մասամբ ասել եմ նախորդ հարցերի պատասխաններում: Կրկնեմ ՝ երբեք չենք թաքցրել ու չենք թաքցնում, որ չենք պաշտպանում ճգնաժամի կարգավորման ուժային ուղին, ձգտում ենք մարտական գործողությունների շուտափույթ դադարեցմանը», — նշել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը ընդգծել է, որ ինչպես հակամարտության կողմերին, այնպես էլ նրանց արտաքին գործընկերներին կարեւոր է անշեղորեն հարգել հրադադարի, վերահսկողական մեխանիզմի ստեղծման եւ կոնկրետ ժամանակացույցով բովանդակալից բանակցային գործընթացի վերսկսման մասին պայմանավորվածություններ:
«Ու թեեւ կայուն զինադադարի հասնել միանգամից չի հաջողվել, մենք կշարունակենք օգտագործել տարածաշրջանում մեր ունեցած բոլոր ազդեցությունը, կաշխատենք թուրք գործընկերների հետ, որպեսզի դադարեցնենք ռազմական սցենարի հետագա զարգացումը, երկխոսություն հաստատվի կողմերի միջև, Բաքվին ու Երեւանին համոզենք նստել բանակցությունների սեղանի շուրջ», — նշել է ՌԴ ԱԳ նախարարը: