Արցախում պարենի և առաջին անհրաժեշտության պաշարները գրեթե սպառման եզրին են: Այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում կազմակերպված ասուլիսի ընթացքում:
«Պաշարները գրեթե սպառման եզրին են, քանի որ ավելի քան 100 օր է՝ Արցախը Հայաստանին կապող միջանցքն արգելափակված է: Իսկ բնակչության շրջանում կան սոցիալական տարբեր խմբեր, որոնց պետությունը չի կարող որևէ կերպ միայնակ թողնել և պարբերաբար այդ աջակցությունը ցուցաբերվում է:
Հիմնականում փորձ է արվում ապահովել ալյուրի և առաջին խիստ անհրաժեշտության պարենի նվազագույն պաշարը բնակաչության համար: Ինչպես բազմաթիվ լրատվականներում արդեն բազմիցս հրապարակվել է, նույնիսկ խանութներում արդեն չկան առաջին անհրաժեշտության ապրանքները և նաև դրանից ելնելով այժմ պետությունը առավելապես փորձում է ուշադրություն դարձնել սոցիալական տարբեր խմբերին՝ հաշմանդամներ, բազմազավակ ընտանիքներ և այլն»,- ասաց նա:
Պետնախարարն ընդգծեց, որ բնականաբար այդ հնարավորություններն էլ անսահամանափակ չեն և ի վերջո արցախցիները վաղուց արդեն ստիպված են ապավինել և՛ Կարմիր խաչի աջակցությանը, և՛ ռուս խաղաղապահների աջակցությանը և առանց այդ աջակցության Արցախում վաղուց արդեն աղետալի վիճակ կլիներ: