Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 17-ին Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ այցելել է Շուշիի շրջանի Լիսագոր համայնք՝ համոզվելու Ստեփանակերտ-Բերձոր մայրուղու անցանելիության հուսալիության հարցում: «Արմենպրես»—ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ միասին այցելել եմ Շուշիի շրջանի Լիսագոր համայնք և անձամբ համոզվել Ստեփանակերտ — Բերձոր մայրուղու անցանելիության հուսալիության հարցում:
Այցի ընթացքում տեղում զրուցել եմ բնակիչների և զինվորականների հետ, նրանց հետ քննարկել առաջիկա ծրագրերը»,-նշել է Արցախի նախագահը:
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա: