ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ
Պատմութիւն չէ որ գրել եմ, անոնք գրական պատմուածքներ, ճառագիրներ, (Էսսէյ) պատմաբանների յիշատակումները խօսքի վերածած պատումներ են, որ ազգի մարդիկ ընթերցէին, հաղորդակցէին իրենց անուշ նախնիների հետ, հպարտ զգային նրանց արարումներով, հպարտ զգային իրենց բնութեան հրաշքը խորհրդանշող աստուածներով, հպարտ զգային իրենց արարչական լեռնաշխարհով: Արմին-հայ իմաստուն նախնիներ սքանչացել լոյսով կարմրած արեւով, հիացմունքով դիտել լոյսի աղբիւր նրա երեսը: Արեւ, լոյսի հրճուանք կաթել իրենց հոգիներին, ջերմութիւն հոսել իրենց սրտերին: Արմին-հայերի նախնիներ՝ ”Ար”, ”Արա” արեւի լոյսի ու կրակի աստուած ստեղծել, պաշտամունք նուիրել նրան, աստուածների սիւնազարդ տներ՝ մեհեաններ, պատել նրա պատուին: Ընթերցող, ես, դու պատիւն ունենայինք ծնուած լինելու Արմին-հայերի հին աստուածների պաշտամունքի ատեն, նրանց բագինների առաջ արջառներ մորթէինք, նրանց արիւնով մաքրագործէինք մեր ճակատները, արիւնով ցօղէինք աստուածների անդրիները, հուր արիւն կաթէինք նրանց բագիններին, քաջին վայել խորհուրդով լի երգեր ձօնէինք նրանց, աշխարհական մարդկանց, նախարարական տների իշխանների ու հայոց արքաների հետ շուրջ պարի շարքեր մտնէինք, գինու թասեր զարկէինք նրանց հետ, գինովանայինք լոյսով վարար գինիով, նախնիների ծիծաղով, գրկէինք նրանց, համբուրէինք նրանց սէգ, իմաստուն ճակատները . . . ափսոս . . . :
Արիադաւան նոր հայեր, Արարչի տօն՝ Դրնդէզից յետոյ, նշել էին Հայ տեսակի Գերագոյն Աստծոյ Հայր Արայի տօնը: Հայոց սրբազան տոմարի Հրոտից ամսուայ, Մանի օրը, (Մարտի 1), Հայ Արիական Միաբանութեան Քրմական դասի ներկայացուցիչները, Փոքր ու Մեծ Մասիսների հայեացքների առաջ կատարել լոյսի ու կրակի ծիսական արարողութիւններ: Մասիսների գագաթներից հոսած լոյսի ժպիտի ցոլքով Արիական միաբանութեան Գլխաւոր Քուրմը ծէսը սկսել կատարել ի փառաւորումն Արարիչի աստուծոյ որդի Հայր Արայի, Արմին-հայերի աստուածային համակարգի գերագոյն աստուածը, Արարչածին Հայ տեսակի աստուածահայրը, Հայ Գէնի մարմնացումը: Բնական վերազարթօնքի հովանաւորը հայր Արան էր, Հայ արիներին պարգեւուել՝ ”Նոր Կեանք”, տօնը կոչուել Աստուածահայր Արայի հրաշագործութեան տօն՝ ”Բնութեան մէջ Կեանք-մահ-կեանք յաւերժապտոյտ շղթան”:
”Հայ Արիական Միաբանութեան Գերագոյն Խորհուրդ”-ի եւ ”Քրմական Դասի” ներկայացուցիչները իրենց 8 աստուածների անուններով կրակներ էին վառել, իրենց 8 աստուածների անուններով 8 գինէթասեր օծել: Հայ Աստուածների օգնութեամբ, Հայր Արայի զօրակցութեամբ կորով խնդրել երբեք չդրժելու մասիսաերդումը, մշտապէս պայքարել յանուն ու հզօր միացեալ Հայաստանի: Օծուած գինեթասերը դրել էին կրակների շուրջ՝ ի փառս գալիք այն ժամանակների, երբ Հայ Աստուածները կրկին գինի կը խմէին Հայ մարդկանց հետ: Տօնի մասնակիցները երգ ու պար բռնել, 8 ռազմական երգ հնչել, 8 պար, շուրջ-պարեր կատարել: Պիտի տեսնէիք այդ պարերը, Մայիսիները թեւեր ունենային ինչպէս պիտի ծափահարէին նրանց կորովին, Մայր Արաքսն էր ալիքւում, ջրերը զարկում իրար, կարծես թեւանցուկ պար էին բռնում: Քրմական դասը Միաբանութեան կեդրոնատեղիում հաւաք էի կազմակերպել: Ներկայացուցիչներից մէկը հրապարակել Հնդկաստանում հնագոյն ժամանակներից պահպանուած փաստաթղթերում Հայոց հին հաւատքին առնչուած ուսումնասիրութիւնների արդիւնքը, ափսոս որ նրանից տեղեկութիւններ չէին հրապարակուել: Հնդիկների մի շարժանկար եմ դիտել, զարմացել ինչպէս էին դերակատարները երկու ափերով կրակից լոյս ու ջերմութիւն վերցնում . . . դէմքերը ցօղում լոյսով ու կրակով, տաճարում մեզ նման երկու ափերի միացրած աղօթում աստուծոյն: Մարեցին Արմին-հայերի կրակը, խաչակնքեցին դէմքերը ուրիշների թելադրած հաւատքով, ափսոս մարեցին նաեւ մեր ցեղի տոհմական հաւատքը, մեհեաններում իրենց աստուածների պատարագների ծէսերը, հայոց աստուածների տօնախմբութիւնները . . . հայոց աշխարհն էր պայթում խինդով:
Արմին-Հայ մարդ, հոգուս տաճարի կանթեղի լոյսով, հայոց լեռնաշխարհից ու արեւից յորդած լոյսի, հայոց հին աստուածների խորհուրդի սէրը երգեցի: Արմին-Հայ նախնիներիս արարած քաջ ու իմաստուն գործերի, աստուածների ծննդավայր Արարատի անանձնական վեհութեան, Նահապետ հայկի Բելին սպաննելու նետի ճախրանքի, Արմինա լեռնաշխարհի հողի բուրմունքի, նրա ճամբաներով քայլելու հրճուանքի, Զանգեզուրի սէգ լեռների, նրա աղուոր մարդկանց հոգու ազնւութիւնը երգեցի, նրանց հետ հարբեցի, նրանց հետ պաշտօնավարեցի, նրանց հետ ծիծաղեցի: Մուսաների Լերան բարձունքներին քաջերի յաղթական կռիւը երգեցի, Հայկական կամաւորական գունդի քաջերի սխրանքի յաղթանակը, թուրքի յոխորտանքը մարելու երգը երգեցի: Ծառերի ոստերից շինած հիւղակներից հինգ հարիւր մեթր հեռու, խոնաւ ձորակում ապաստանած դուշմանի գունդի շուրջը բոլորակ կազմած հազար ռանչպարների զէնքերի միանուագ պայթիւններով թուրք զինուորի ընկնելը ու փախուստը երգեցի: Ընթերցող Արմին-Հայ, մի ակնթարթ ակներդ գոցի՛ր, նայի՛ր պատումիս էջերին, պիտի տեսնես նախնիներիդ մարտի գնացող այրուձիի բազում գունդեր, Երուանդունի Տիգրանի բանակի յաղթական մուտքը աքքատների Բաբելոն, արքաների թագադրութեան ու հարսանեաց պատարագների խրախճանքը, Նաւասարդի համաշխարհական տօնախմբութիւնները, Արածանի գետի ափերի մարտի ելած ձիավար Տիգրան արքային: Նախնիների հաւատքի աստուածների տօնախմբութիւններ, Վահագնի ու Աստղիկի հարսանիք, աստուածների մեհեաններում պատարագի ծէսեր, Վարդավառ, որոնցից արեւած լոյս պիտի հոսի հոգուդ տաճարին, ցեղիդ քաջ գործերի խարոյկներ պիտի վառուեն: Արմին-Հայ մարդ տեսե՞լ ես վարդավառին Նար Ծովինարի քղանցքներից կաթած ջուր ըմպող քաջերին, դու էլ քու Վարդավառին պարմանուհիների վարսերից հոսած ջուր ըմպե՞լ ես . . . :
Արի Հայ մարդ, աղուոր լեռնաշխարհիդ նախնիները, ցեղիդ լոյսի աղբիւրն են: Քերթուած, պոէմ, պատմուածք, վէպ հրաշափառ ստեղծագործութիւններ են, որոնք մարդու հոգու անդաստաններ անաձնական խրախճանք են տեղում: Նախնիներիդ պատումները Արմին-Հայու հոգին վարարում են Հայկ Նահապետի յաղթանակի լոյսով, Մեծ ու Փոքր Հայքերի աշխարհով, հայրենեաց սիրոյ հրդեհ վառում հոգուդ տաճարներ: Մի վախենար, այն չի այրի, այնտեղ կը վառուեն՝ լոյսը Մաշտոցի, Խորենացի Մովսէսի՝ նախնիներիդ պատումների քաջ գործերը, Կոմիտաս վարդապետի շինականների երգերը, պատարագի շարականների, Արմինա երկրի վիհերի խորախորհուրդ անուշ հնչիւնները, Անդրանիկի թշնամուն հարուածելու աննկուն կամքի հրացանների համազարկերի որոտները:
Երգեցի Մուսաների լերան հողի պաշտամունքը, հաւատացի Հայոց հին աստուածների հաւատքին, երգեցի նրանց արարած բնութեան հրաշքը, նրա արտերի ցորեանի ծովակների ալեակների մեղմիկ սօսափիւնը, մաճկալների հորովելները: Գրկեցի Արարատ լեառն արեգաճեմ, արեգակն է այնտեղից աշխարհին լոյս սփռում, ”Աղբիւրն է լոյսի”: Արմին-հայերի լոյսի աղբիւրը, նախնիներիդ բարձրաւանդակն է՝ հայոց լեռնաշխարհը, որտեղ լեցուն լոյս է, արեւ աստուած Միհրի լոյսի ժպիտ է, ընդերքից կրակ լոյս հոսում: Արեւն է ծագում լեռնաշխարհի գմբեթ՝ Արարատի գագաթից: Տեսե՞լ ես նրա առաջին շողերը, լոյսի քուրայ է այնտեղ, նրա ժպիտից հազար գոյների ծաղիկներ են պայթում, հանդերում ցորեանի հասկերին ոսկի ծաղկում, այգիներում ծառերը բոսոր գոյներով վառւում, Նար Ծովինարի հոսած ջրերի հոսքից լոյս վառւում, լեռնաշխարհի մէջքին աստուածների հիւսած գունագեղ գօտի կապում:
Արմին-Հայ, նախնիներիդ երկիրը՝ ”Աստուածների Սրբազան Օրինաց Լեռնաշխարհն” է: ”Առաջին” մարդու երկիրն է: Այնտեղից հարաւ գնացած արի մարդիկ՝ ”Եդեմ”-ն է այն, գրել են իրենց կաւէ սալիկներին: Հայոց աստուածների մեհեանն է, Զրադաշտի ծննդավայրը, որտեղ ճառագել է նախնիներիդ իմաստութիւնը: Արի Արմին, նախնիներդ առաջինը լեռների լանջերին վազող կենդանիներին տուն են բերել, բոյսերի ու ծառերի հունտերը հողի սրտին տուել, առաջինը երկրագործութիւն արել, առաջինը քարից մետաղ ”քամել”: Լեռնաշխարհում արարման բարեշրջութիւն եղեւ, քաղաքակրթութեան ”մայր երկիր” եղեւ այն: Լեռնաշխարհի ”Արի” մարդիկ գնացին արեւելքի ու արեւմուտքի հեռու երկրներ, իրենց հետ տարին իրենց լեռնաշխարհում արարուած բնութեան բնաշրջման փորձառութիւնը, հիմա ասում են արեւմտեան քաղաքակրթութիւն: Արմին-Հայ, քու լեռնաշխարհը խորհրդանշող ”Կենաց Ծառը” ծիրանենին է: Իր 12 որդիներով աստուածամարդ Հայկ Նահապետն է այն հողին տուել: Հայրենի լեռնաշխարհը աստուածների ”ծիրանի” երկիրն է: Ծիրանի ծառի ոստերի ակներից լոյս է ծորում, նախնիներդ այն ծիրան անուանել՝ ”աստուածների սիրոյ յաւերժական ծիր”, որի սերմը Արմին արիների երկիր են բերել իրենց տաճարների խարոյկներից: Հնչեցրե՞լ ես ”ծիրանափող”, ծիրանենու սրտից պոկած փող, ունկնդրե՞լ ես նրանից հոսած ձայնը, տիեզերքի հնչիւններն են նրա սնամէջ փողից ելնում : Նրա հնչիւններին բազմած գնա՝ ”Յարդագողի Ճանապարհի” աստուածների տաճարներ, ունկնդրի′ր տիեզերքի պատարագը, քուրմերն են ծիրանի փողերով հնչեցնում այն:
Կիպրոս, Մակարա Վանք, այնտեղ էին նորէն հանգստանում Մելգոնեանի սան-սանուհիները: Հայոց կրօնքի պատմութեան դասատուն Ասլան անունով ձի ունէր, ինձ էր վստահել նրա խնամքը: Ջուր խմացնելուց վերադարձիս պատուհաններին աղջիկներն էին, քաջալերուած նրանց խօսքից, պինդ քաշել նրա Ասլանի սանձը, հողածածկ ճամբայով սուրացել վերեւ, կարծես թռչելու էի դէպի արեւ: ”Տար ինձ արեւ” կանչել էի, ”ի˜նչ պիտի անես արեւ, կ’այրուես այնտեղ, քեզ կը տանեմ քու երկիր, որ նրա լոյսով ու սիրով վարարած հոգիդ խաղաղուի”: Չ˜է, ասել էի ”Ուզում եմ գնալ արեւ, նրա լոյսից բուսած ալուան ծաղիկների փունջ կազմեմ, որպէս արեւից քաղած ծաղկեփունջ այն նուիրեմ սիրած աղջկանս . . . :
Արարչական Արմին-Հայ, ո՞ւր ես նորէն հասել օտար երկրներ, զարմիդ սերմը բաշխում որոշ ազգերի մարդկանց: Տո′ւն արի, քու ծինը ուրիշի հողին չի բուսնի, կը մեռնի, խոնարհի՝ր Արարատին, արարչական Այրարատի հողին, որոնք քու ծիներում հոսել են լեռնաշխարհի աստուածների ոգին, քու հոգում լոյս վառել: ”Մեղա′յ ասա նրանց”: Արարատը, Հայկական լեռնաշխարհն է: Արարատը այն կենսավայրն է, որտեղ երկիրը միանում է տիեզերքին: Արմինների քարէ սիրտ Արարատը ոգի է, խորհուրդ է, աստուածների մեհեան է, լեռնաշխարհի գմբեթն է, պատարագի′ր այն, քու ցեղի նախնիների հոգու արեւի լոյսի աղբոյր”-ն -է: Ալեկոծ հոգիով նայե՞լ ես նրա դէմքին, ակներից հոսող արցունքի առուակներին, նրա մութ վիհերին, որտեղ Արտաշէս արքայի շղթայակապ որդին է ժայռին գամուած: Ասում են կենդանի է, որսորդական շները կրծում են նրա շղթաները, այնքան էին կրծել, որ բարակել էին, ազատուէր կապանքներից, որ նորէն գար թագաւորէր հայոց աշխարհին: Օրուայ վերջին, մեր գիւղ Եօղունօլուգի երկաթագործ Մէխուլի արհեստանոցում էի, կռանը վեր պահած հարուածում էր սալին, զարմանքից հարցրել ինչո˜ւ էր հարուածում, խռովք կար դէմքին, դանդաղ խօսել, որ հայոց Արտաշէս թագաւորը անիծել էր Արտաւազդ որդուն, ինչպէ˜ս չզարկեմ որ ամրանան նրա շղթաները
Երբ դու ձի հեծնես, որսի գնաս,
Ազատն ի վեր, ի Մասիս,
Քաջերը քեզ բռնեն, տանեն,
Ազատն ի վեր ի Մասիս,
Այնտեղ մնաս եւ լոյս չտեսնես:
Հայոց դարբիններ ամէն Ուրբաթ իրիկուն հարուածում են սալին, որ Արտաւազդի շղթաները ամրանային, դուրս չգար աշխարհը կործանելու:
Հէ~յ, Արմին հայեր, Արմինա երկրից, լոյսի երկրից, աստուածների երկրից եմ եկել: Մուսաների լեռների լանջերի շէնի տարեց Արմին այր, ցուպը ձեռքիս հասել աստուածների քաղաք Աշտիշատ, Տուշպա ոստան: Իմ երթի ճանապարհին, իրենց հոգիներում ցեղի կրակի բոցերը չյանգած ռանչպարներին՝ արեւի կրակի լոյսի, աստուածների մեհեանների բաց դռների մաղթանքի ցանկութիւններ կանչեցի . . . : Կլենտէյլ