ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների բուժման նպատակով վերականգնողական նոր կենտրոնի կառուցման անհրաժեշտություն է տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Թորոսյանն ասաց խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանի հարցին:
«Ռազմական գործողությունների դադարեցումից հետո մեր ուշադրությունն ավելի կենտրոնանում է հենց վերականգնողական բուժօգնության վրա, որովհետև բարեբախտաբար նոր վիրավորումներ չենք ունենում: Այս ոլորտում անելիքները բավական շատ են: Մենք կարծում ենք, որ երեք հիմնական ուղղությամբ պետք է լավ աշխատանք կատարենք: Առաջինը` եղած հզորությունների լավագույն օգտագործումն է, որոնց մի մասն ունեն արդիականացման կարիք, երկրորդ` մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մեզ նոր հզորություններ են պետք` մոտ 250 մահճակալանոց մեկ վերականգնողական կենտրոնի մասին է խոսքը, երրորդ` այդ հզորությունների մշտական աջակցություն` պետական պատվերով ծառայություններ գնելու տեսքով»,- ասաց Թորոսյանը:
Նախարարը նշեց, որ այդ հզորությունների շարունակական աջակցությունը պետական բյուջեի վրա հավելյալ կարող է 2-2,5 մլրդ դրամ լինել, սակայն այդ հաշվարկները վերջնական չեն:
Արսեն Թորոսյանը հավելեց, որ նոր կենտրոնի ստեղծման մեջ մեծ ներդրում կարող են ունենալ մեր սփյուռքի կազմակերպությունները: