Թուրքիայի Ստամբուլ քաղաքի մոտակայքում ձերբակալվել են ռուսական НТВ հեռուստաընկերության լրագրողներ Ալեքսեյ Պետրուշկոն և Իվան Մալիշկինը, ովքեր նկարահանումներ էին իրականացրել անօդաչուներ արտադրող թուրքական Baykar ընկերության տարածքում։ Նրանք մեղադրվում են առանց թույլտվության նկարահանումներ իրականացնելու մեջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է YeniŞafak լրատվական կայքը՝ վկայակոչելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության սեփական աղբյուրները։
Ռուսաստանում հեռարձակվող НТВ հեռուստատեսության ղեկավարները պնդում են, որ իրենց աշխատակիցներից երկուսին Թուրքիայի ոստիկանությունը բերման է ենթարկել Ստամբուլում և դեկտեմբերի 3-ից սկսած նրանցից ոչ մի լուր չունեն: «Նրանք ձերբակալվել են Ստամբուլ քաղաքի մոտակա տարածքում, որտեղ գտնվում է Baykar Savunma ընկերությունը», — ասել է ընկերության աշխատակիցը:
Ըստ ռուսական աղբյուրների, Պետրուշկոն և Մալիշկինը Ստամբուլի ոստիկանությունում կամ քաղաքի միգրացիոն վարչությունում չեն: Հնարավոր է, որ նրանց ձերբակալել են Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության աշխատակիցները: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը և Թուրքիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը ուսումնասիրում են իրավիճակը և փնտրում լրագրողներին: