Պատմամշակութային Վաւերագրութիւն
ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ
«Զարթօնք»-ի Երեւանի Աշխատակից
Արցախում մօտ 44 օր տեւած անհաւասար պատերազմից յետոյ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը, Ազրպէյճանի Հանրապետութեան նախագահ Իլհամ Ալիեւը եւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլատիմիր Փութինը, ստորագրեցին հետեւեալ պայմանագիրը. 2020 թուականի նոյեմբերի 10-ի մոսկովեան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում յայտարարւում է ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողութիւնների աւարտի մասին: Ազրպէյճանի Հանրապետութիւնը եւ Հայաստանի Հանրապետութիւնը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Ահռելի թուով զոհերի գնով պահուած ու ազատագրուած տարածքները հենց այնպէս, առանց Արցախի կարգավիճակի յանձնւում են թշնամուն։
Ըստ փաստաթղթի՝ Աղտամի շրջանը վերադարձւում է Ազրպէյճանի Հանրապետութեանը մինչեւ 2020 թուականի նոյեմբերի 20-ը: Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայւում է Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրախումբ, այդ թւում՝ հրաձգային զէնքով զինուած 1960 զինծառայող, 90 զրահամեքենայ, 380 միաւոր ավտոմոպիլային եւ յատուկ թեխնիքա: Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրակազմը տեղակայւում է Հայկական զինուած ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ըստ այդ ստորնացուցիչ պայմանագրի՝ Հայաստանի Հանրապետութիւնն Ազրպէյճանի Հանրապետութեանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը մինչեւ 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչեւ 2020 թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 քմ լայնութեամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդորում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրակազմի վերահսկողութեան ներքոյ:
Պատերազմի արդիւնքում Ազրպէյճանական զինուած ուժերի կողմից գրաւուել է Հատրութի շրջանը, Շուշի քաղաքը, Մարտունու մի շարք գիւղեր։ Ամեն օր գծւում է հայ-Ազրպէյճանական սահմանի նոր բնագծեր։ Արդեն իսկ յանձնուած է Քարվաճառի շրջանը, իր պատմամշակութային արժէքներով, աստուածային բնութեամբ, ռազմավարական կարեւոր նշանակութեան դիրքերով։
«Զարթօնք» օրաթերթն իր ընթերցողին է ներկայացնում է Արցախի պատմամշակութային յուշարձանների, եկեղեցիների, մատուռների, վանքերի, խաչքարերի ցանկը, որոնք ըստ եռակողմ պայմանագրի, անցնում են Ազրպէյճանի վերահսկողութեան տակ։ Հաշուի առնելով, որ ցանկը շատ մեծ է, այն կը ներկայացնենք մի քանի մասով: Եւ այսպես․ ներկայումս Արցախի տարածքում վկայագրուած է գրեթէ 5000 պատմութեան եւ մշակոյթի յուշարձան, որոնցից 700-ի համար կազմուել են պահպանական գօտիներ: Գործընթացը շարունակական բնոյթ է կրում, եւ տարեցտարի վերոյիշեալ ցանկը համալրւում է: 2011թ. Ասկերանի շրջանում վկայագրուել է 796, Հատրութի՝ 364 յուշարձան, 2012թ. Մարտակերտի շրջանում կատարուել է 1390 յուշարձանի, իսկ արդեն 2013թ. Մարտունու շրջանում` 275 յուշարձանի վկայագրում։ Քաշաթաղի շրջանում այդ աշխատանքները կատարուել են 2015թ., որի արդիւնքում վկայագրուել է 335 յուշարձան։ Վերջին տարիներին ընդհանուր առմամբ վկայագրուել են 3160 պատմութեան եւ մշակոյթի յուշարձաններ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ութ շրջաններից մեկը Շահումեանի շրջանն է, որի մի մասը գրաւուած է Ազրպէյճանի կողմից։ Շրջանի մի մասը հայկական ուժերի կողմից ազատագրուել է 1993 թուականին։
Շահումեանի շրջանը զբաղեցնում է ԼՂՀ հիւսիս-արեւմտյեան մասը։ Շահումեանը արեւելքից սահմանակցում է Մարտակերտին, հարաւից՝ Քաշաթաղի շրջանին, հիւսիս արեւմուտքից՝ ՀՀ Գեղարքունիքին եւ հարաւ-արեւմուտքից Սիւնիքին, Վայոց Ձորին, Հիւսիսային մասում Շահումեանի շրջանը սահմանակից է Ազրպէյճանին դեռեւս բռնակացուած հայկական հողատարածքներում ձեւաւորուած Խանլարի շրջաններին։
Քարվաճառի շրջանի մակերեսը կազմում է 1830 քառ. կմ։ Քարվաճառի շրջանի ռելիեֆը լեռնային է, խիստ կտրտուած, բնութիւնը՝ աստուածային։ Շրջանի տարածքով հոսում է Թարթառ գետը, որը հանդիսանում է Ղարաբաղի հիմնական ջրային զարկերակը։
Տարբեր ժամանակաշրջաններում այս տարածքը անուանուել է Վայկունիք (մինչեւ 12-13-րդ դար), Վերին Խաչեն (13-18-րդ դար), Քոլան (18-19-րդ դարի սկիզբ)։
Շրջկենտրոն Քարվաճառ քաղաքը գտնվում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտից 128 քմ հեռաւորութեան վրայ։ Քարվաճառ անունն առաջացել է օտարների կողմից Մեծ Հայքի Արցախի Ծար գաւառում գտնուող Քարավաճառ գիւղի անուան աղաւաղումից։
Շրջանի բնակչութիւնը 2005 թուականի մարդահամարի տուեալների համաձայն կազմում էր 2560 մարդ: Արդեն պէտք է անցեալով խօսել Քարվաճառի մասին, քանի որ մարդիկ այրելով իրենց տները, ցաւով ու տառապանքով դուրս եկան շրջանից։ Էթնիք առումով բնակչութիւնը միատարր էր ՝ գլխաւորապէս հայեր էին ապրում։ 1992թ. յունիսին, Ազրպէյճանական բանակի կողմից շրջանի բռնազաւթման պահին, այն ունէր 18 բնակավայր եւ մօտ 25 000 բնակչութիւն։ Շրջանի տարածքում են գտնւում Լեռնային Ղարաբաղի ամենահինաւուրց քրիստոնէական յուշարձաններից՝ Գլխավանքը, Օրեկավանքը։ Բռնազաւթուած հատուածում է գտնւում նաեւ հերոսական Գետաշէնը: Պահպանուել են բազմաթիւ ճարտարապետական յուշարձաններ, որոնք վկայում են Հայաստանի պատմութեան համար Արցախի այս անկիւնի ունեցած դերի մասին։
Քարվաճառի շրջանում բոլորին առաւել յայտնի յուշարձանների թուին են պատկանում Դադիվանքը, Հանդաբերդ ամրոցը, Ծար գիւղը։
Դադիվանք (Ճակատագիրը տակաւին անյստակ)
Հիմնադրուել է առաջին դարում։ Դադիվանքը (Խութավանք) եղել է Արցախ նահանգի Խաչեն գաւառի կրօնական ու մշակութային կերոնը։ Բանակցութիւնների շնորհիւ, կարծես թէ, պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել, որ Դադիվանքը լինելու է ռուս խաղաղապահների հսկողութեան ներքոյ։
Դադիվանքը գտնւում է Թարթառ գետի ձախ ափին՝ Ստեփանակերտից 100 քմ դէպի հիւսիս: Ըստ հին ձեռագրերի՝ Դադիվանքը հիմնադրուել է դեռեւս առաջին դարում, քրիստոնէութիւն քարոզելու համար տանջալի մահով ընկած Սուրբ Դադիի գերեզմանի տեղում: Գերեզմանի ճշգրիտ տեղը ցոյց է տալիս քարէ սյունը: Հնագիտական պեղումների շնորհիւ գերեզմանում գտնուել են Սուրբ Դադիի մասունքները եւ փայտէ գահը, որի վրայ էլ թաղուել է սուրբը: Չնայած թշնամու անթիւ աւերիչ ասպատակութիւնների, մինչեւ մեր օրերը պահպանուել են մօտ երեսուն տարբեր նշանակութեան կառոյցներ:
V դարից յիշատակւում է որպէս եպիսկոպոսանիստ։ Աւերուէր է արաբական արշաւանքների ընթացքում։ 12-րդ դարում սելճուքների ասպատակումների ժամանակ ամրոցի դեր է կատարել։ Այդտեղ էր Առանշահիկ-Վախթանգեան իշխանական տան տոհմական տապանատունը։ Համալիրի ներկայիս պահպանուած շէնքերը պատկանում են 12-13 դդ.։ Կաթողիկէն կառուցել է Վախթանգի կինը` Արզուխաթունը, 1214թ.-ին։ Ուղղանկիւն յատակագծով, ներքուստ խաչաձեւ, չորս անկիւններում երկյարկ աւանդատներով, ներսը որմնանկարազարդ (որ այժմ զգալիօրէն վնասուած է) շէնք է։ Հարաւային եւ արեւելեան պատերին, կեդրոնական լուսամուտներից վեր, քանդակուած են կտիտորները եկեղեցու մանրակերտի հետ։ Արեւմուտքից երկյարկանի զանգակատունն է, սիւնասրահը։ Զանգակատան խորշում են վանքի առաջնորդ Աթանասի` 1283թ.-ին կանգնեցրած երկու բարձրարուեստ խաչքարերը։
Կաթողիկէին կից է թաղակապ գաւիթով, ուղղանկիւն բեմով երկրորդ եկեղեցին։ Համալիրի հիւսիսային մասում են մեծութեամբ աչքի ընկնող միանաւ եկեղեցին եւ նրան արեւմուտքից կից գաւիթը (13դ.)։ Հարաւում առանձին կանգնած է, փոքր գմբեթաւոր եկեղեցին։ Համալիրի հարաւային մասում վանքի օժանդակ կառոյցների խումբն է` չորս սիւներով ժամատուն (1224թ.), նրան կից խոհանոցով սեղանատուն, հիւրատուն, գրատուն եւ սենեակներ։ Հարաւարեւմտեան մասում Հասան-Ջալալի ապարանքն է, առաջին յարկում` հնձանն ու մառանը։ Համալիրի կազմում կան նաեւ մատուռներ եւ խաչքարեր։ Կառոյցների որմերը հարուստ են արժէքաւոր արձանագրութիւններով։
Հանդաբերդ ամրոցը, Քարվաճառի շրջան
Այս ամրոցը, որը յայտնի է իր փառահեղ պատմական անցեալով, բազմիցս յիշատակւում է Հայաստանի պատմութեան մէջ։ Հանդաբերդը կառուցվել է 9-րդ դարի երկրորդ կէսին Ատրներսեհ իշխանի կողմից, ով յետագայում, խալիֆի դէմ խռովութեան մասնակցութեան համար գերեվարուել է։ Ամրոցը գտնւում է Չափնի գիւղի մօտ, անտառապատ ու զառիթափ լեռան գագաթին եւ երեք կողմից շրջապատուած է խորը անդունդներով։ Ամրոցից ոչ հեռու տեղակայուած է եկեղեցուց, մատուռից եւ աղօթարանից բաղկացած վանքային համալիրը։ Վիմագրական գրառումներից դատելով այդ համալիրը կառուցուել է 12-13 դարերում: Այս պատմական հրաշքը եւս այսօր վտանգի տակ է՝ յայտնուելով բարբարոս թշնամու ձեռքում։
1142-1182 թուականներին ամրոցը պատկանում էր Վերին Խաչենի իշխան Հասան Վախթանգեանին։ Հանդաբերդը թշնամիների կողմից բազմիցս ենթարկուել է պաշարման եւ յարձակումների։ Յայտնի է նաեւ, որ այդ տեղում ամրութիւն է եղել դեռեւս 5-րդ դարից սկսած եւ Հանդաբերդը ընդամէնը աւելի ընդլայնուած պաշտպանական կառոյց է։ Միակ ճանապարհն անցնում է հարաւարեւմտեան պատի տակով եւ դարպասներին է մօտենում հիւսիսից։ Ամրութիւնն ունի կեղծ դարպասներ, ութ պահակային աշտարակներ, անձրեւաջրերի հաւաքման համար ժայռափոր աւազաններ։ Ամրոցի պարիսպները ունեն մինչեւ ութ մեթր բարձրութիւն։ Հանդաբերդը Արցախի ամենայայտնի ամրոցներից մէկն է։ Գտնուելով անմատչելի ժայռի գագաթին, այն իր վեհութեամբ մեծ տպաւորութիւն է թողնում այցելուների վրայ։ Վանքը վեր է խոյանում Լեւ գետի ափին՝ գեղատեսիլ հովտի մէջ։
Ծար գիւղ
Ծար գյուղը տեղակայված է Թարթառ գետի վերին հոսանքներում՝ երեք կողմից 300-310 մ բարձրութեան ժայռերով շրջապատուած բարձրավանդակի վրայ եւ միայն մի կողմից կայ ճանապարհ դէպի գիւղը։ Հենց այդ կողմից է կառուցուած պարսպապատը։
Առաջին անգամ բնակավայրի մասին յիշատակւում է 1289 թուականին։ Այստեղ տեղակայուած են եղել համանուն գաւառի վարչական կեդրոնը եւ իշխանական նստավայրը։ Գիւղն ունէր 13-14-րդ դարերի չորս եկեղեցի, իսկ շրջակայքում եղել են երկու վանքեր, որոնք ազրպէյճանական իշխանութեան տարիներին քանդուել են: Գիւղի տարածքում պահպանուել է 1658 թուականին կառուցուած հազարաշէն-տունը:
Ալ լիճ եւ Փորակ լեռ, Քարվաճառ
Բացի պատմաճարտարապետական յուշարձաններից, Քարվաճառի շրջանը յայտնի է նաեւ իր բնական հարստութիւններով:
Քարվաճառի տարածքում կան տաք ջրերի բազմաթիւ աղբիւրներ, որոնցից առաւել յայտնի են Ջերմաջուր գիւղի եւ Զուար գիւղի մօտ գտնուողները։ Դրանցից առաջինը յայտնի է իր բուժիչ յատկութիւններով։
Ջերմաջուրը գտնւում է 2200-2400մ բարձրութեան վրայ, հարուստ է բուժիչ յատկութիւններով բնական տաք աղբիւրներով: Տաք, թթու եւ հանքային այս ջրերի ջերմաստիճանը, անկախ տարուայ եղանակից, հասնում է մօտ 60 աստիճանի: Նրանցում առկայ են ծծումբ, քլոր ու ռատոն կազ, իրենց բաղադրութեամբ նման են Ջերմուկի, Կարլովի Վարիի, Ժելեզնավոդսկի հանքային ջրերին:
Ձիւնածածկ ժայռերով ու սաղարթախիտ անտառներով շրջապատուած հանքային ջրերի աւազանում բուժական լոգանք ընդունելն անկրկնելի զգացողութիւն է: Կիսաւեր շինութիւնները վկայում են, որ ժամանակին այստեղ գործել են բազմաթիւ առողջարաններ, որոնց աշխատանքի համար հորատուել են տասնեակ հորատանցքներ, տաք հանքային ջրերը խողովակաշարերով հասցուել են առողջարաններ:
Նշենք, որ նոյեմբերի 10-ին ստորագրուած պայմանագրով վաստակեցուած չեն, թէ յանձնուող շրջանների հարակից գիւղերը, քաղաքները, հողամասերը ինչ չափով են գտնուելու հայկական հսկողութեան ներքոյ։ Գրեթէ ամեն օր յայտնում են նոր գիւղի, տարածքի զիջման մասին, որը պայմանագրով ամրագրուած չէր։ Ցաւալի իրողութիւն է, որի հետ հաշտուելը կը լինի սերունդների պարտութիւնը։
Շարունակելի․․․