Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան զբոսայգուց մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ» ակցիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` երթը կազմակերպել են խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները:
Երթի մասնակիցները Երևանի փողոցներով կշարժվեն դեպի Սուրբ Աննա եկեղեցի, որտեղ էլ կավարտեն իրենց ակցիան:
Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններ նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները: