Շուշիի շրջանի Հին Շենում շրջափակման մեջ հայտնված Շիրակի մարզի 72 կամավորները տուն են վերադարձել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը։
«Այնտեղ ամեն ինչ նորմալ է, ճանապարհները բաց են խաղապահներն էլ իրենց տեղում։
Շիրակի մարզի 72 հոգանոց խումբը ճանապարհվեց դեպի տուն։ Ամեն ինչ կարգին է, և հերթափոխն էլ հավուր պատշաճի կազմակերված էր։ Բոլորին տեսել ենք, բոլորն էլ լավ էին և ժամերի ընթացքում կլինեն մարզում։ Խնդրում եմ ուշադիր լինեք տեղեկատվության տարածման հարցում»,- գրել է Հովսեփյանը։
Ավելի վաղ, «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ ադրբեջանական ուժերը փորձել էին հայկական կողմի նկատմամբ ճնշում գործադրել՝ Հին Շեն տանող ճանապարհի վրա հենակետ դնելով, սակայն ռուսական խաղաղապահ զորակազմի միջամտության արդյունքում դեկտեմբերի 15-ին հաջողվել էր ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել Հին Շենը։ Համայնքում գտնվում են ինչպես Պաշտպանության բանակի ներկայացուցիչներ, այնպես էլ ռուս խաղաղապահներ՝ ապահովելով ինչպես համայնքի բնակիչների անվտանգությունն, այնպես էլ խաղաղ ու անարգել անցուդարձը։