ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիսում է այն տեսակետը, որ պետք է պարզի Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ամեն դետալը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, անդրադառնալով պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող պարիտետային հանձնաժողով ստեղծելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին:
«Ձեր առաջարկած նախագծով հանձնաժողովը 70%-ով պետք է ձևավորվի այն քաղաքական ուժերից, որոնք արդեն ձեր հարցերի պատասխանները տվել են տարբեր ամբիոններից: Մենք փորձել ենք ձեզ հրավիրել քննարկման այդ թեմայի վերաբերյալ, բայց դուք հարկ չեք համարել գալ: Այս պահին պատերազմի հետ առնչվող 1000-ից ավելի քրեական գործ կա քննվող, որոնք ընթացքի մեջ են»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը հավելեց, որ քննության քաղաքական մեխանիզմը հստակ դրված է գործող օրենսդրության մեջ և այդ մեխանիզմը Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն է:
«Այն կարող է ձևավորվել օրենսդրության համապատասխան կարգավորումների համաձայն: Ինչ վերաբերում է պատերազմի մասին ճշմարտությանը, կարծում եմ, այն բավականաչափ քննարկվել է, միանշանակ համաձայն եմ, որ մինչև վերջին դետալը պետք է պարզվի»,- ասաց վարչապետը:
2020թ. նոյեմբերի 19-ին ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկել է ստեղծել պարիտետային փաստահավաք հանձնաժողով, որը կուսումնասիրի պատերազմի հանգամանքները: