ՀՐԱՆՈՒՇ ՅԱԿՈԲԵԱՆ
«Մեր հայրերէն մեզի աւանդուած ժառանգութիւններէն ամենէն շքեղը, ամենէն իրականը մեր գեղեցիկ, հարուստ եւ մեծավայելուչ լեզուն է, պէտք է պահպանենք յուզումով, հրայրքով եւ խանդավառութեամբ։ Ես վստահ եմ, որ կը պաշտպանենք»։
Զապել Եսայեան
Ազգային ժողովում առանձնայատուկ զգացում եմ ունեցել 2005 թուականին՝ Մայրենի լեզուի օրուան նուիրուած օրէնքի նախագիծը ներկայացնելիս, ինչի արդիւնքում Հայոց պետական տօնացոյցում փետրուարի 21-ը նշւում է որպէս Մայրենի լեզուի օր:
Սուրբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայ ժողովրդի հոգեւոր զէնքը՝ մեր ոսկեղենիկ այբուբենը, որի իւրաքանչիւր տառ անպարտ զինուոր է։ Մաշտոցեան բանակն անցել է արհաւիրքների, պատերազմների, կորուստների եւ վերելքների միջով, հայերէն է դարձրել մեր դարերը եւ հասել 21-րդ դար, ուստի մենք պարտաւոր ենք անաղարտ պահել այն, սովորել, օգտագործել, զարգացնել, տարածել եւ փոխանցել սերնդէ-սերունդ:
Մայրենին ազգի գոյութեան, մեր ինքնութեան հիմքն է՝ թէ՛ Հայաստանում, թէ՛ Սփիւռքում: Պահպանենք, սրբացնենք հայոց լեզուն՝ որպէս ազգի ամբողջութեան եւ յաւերժութեան երաշխաւորի։
Հայոց լեզուն հայկական իւրայատուկ մշակոյթի ստեղծման փառահեղ միջոց է։ Հայ մտքի ու աշխարհընկալման, ստեղծագործական աստուածատուր ձիրքի փայլատակումները ոգի են առել հայոց քաղցրահունչ բարբառով, ապա մարմին առել մեսրոպեան սուրբ գրերով, դարձել ձեռագիր մատեան ու տպագիր գիրք, գիտելիք ու արուեստ, համամարդկային մշակութային ժառանգութեան հիմնամաս ու սիւն։ Բանաւոր ու գրաւոր մշակոյթի բոլոր կոթողներում հայերէնը կատարեալ է։ Մեր մայրենին պարզ ու անմիջական է Գողթան երգերում ու էպոսում, շքեղ ու կանոնաւոր՝ Խորենացու եւ Նարեկացու ձեռագիր մատեաններում, ճկուն ու բազմաշերտ՝ Շիրակացու եւ Հերացու գործերում, յուզական ու սիրառատ՝ Քուչակի ու Սայաթ Նովայի քերթուածքներում, հզօր ու առնական՝ Վարուժանի ու Չարենցի երկերում… Իր բոլոր դրսեւորումներով հայոց լեզուն մշակութային մեծագոյն արժէք է, հազարամեակների ընթացքում սերունդների մտաւոր արարումի արդիւնք ու գանձարան, հայոց լինելիութեան միջնաբերդ։
Հայոց լեզուն հայի էութեան ամենավառ դրսեւորումն է, որն իր դրսեւորումներով հարազատութեան ու մտերմութեան թրթիռներ է պարգեւում հոգուն։ Բոլորիս է յայտնի, թէ ինչ ոգեւորութիւն է առաջացնում օտար միջավայրում յանկարծ լսուած հայերէն խօսքը, եւ ինչ հրճուանք ու ցնծութիւն է ապրում օտար ափերից հայրենիք եկած հայը՝ ամենուր ականջալուր լինելով մայրենի բառուբանին։
Աւաղ, Հայոց ցեղասպանութեան հետեւանքով նաեւ Հայոց լեզուն երկատուեց, աղաւաղուեց, բուն հայրենի միջավայրից արմատախիլ եղաւ, շատ բարբառներ անհետացան, իսկ արեւմտահայերէնը վտանգուեց։
Իր պատմութեան բոլոր ժամանակներում Հայոց լեզուն հայակերտման ու ազգի համախմբման հետ միասին, ունեցել է եւ ունի հայապահպան առաքելութիւն՝ յատկապէս Սփիւռքում, ուստի եկէք ջանք ու եռանդ չխնայենք մայրենի լեզուի իմացութիւնը, պահպանումն ու զարգացումն ապահովելու համար, եկէ՛ք անաղարտ պահենք մեր ոսկեղենիկ լեզուն, սիրե՛նք մայրենին իբրեւ սրբութեան սրբոց, իբրեւ մեր լինելիութեան եւ ազգային ինքնութեան անփոխարինելի ու անօտարելի վկայութիւն։
Եւ ինչպէս մեծերն են բանաձեւել՝
«Մեր լեզուն մեր Հայրենիքն է»․ Աւետիք Իսահակեան,
«Հայ լեզուն տունն է հայուն աշխարհիս չորս ծագերուն․․․»․ Մուշեղ Իշխան,
«Մեր լեզուն արիւնն է մեր․․․»․ Համօ Սահեան
«Աստծոյ հետ խօսելու միակ լեզուն հայերէնն է»․ Ճորճ Պայրըն