«Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով այսօր Կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ ընդդեմ Փաշինյանի ակցիա անող քաղաքացիների դեմ ոստիկանական գործողությունների մասին։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ․
«Այսօր հայրենադավ իշխանության գլխավոր խորհրդանիշի այցը կառավարական 3-րդ մասնաշենք ուղեկցվեց բազմաթիվ արժանապատիվ քաղաքացիների հանդեպ ակնհայտ անհամաչափ ուժի գործադրմամբ։
Հատուկ դիտավորությամբ բռնության ենթարկվեց նաեւ Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը: Տասնյակ քաղաքացիներ հաշվեհարդարի ենթարկվեցին ոստիկանական բաժանմունքներ տեղափոխվելիս:
Հայրենիքին դավաճանածի, թուրքի առաջ ծնկի եկածի վերջին հույսը նրա հլու կամակատար, ոստիկանի կոչումն ու համազգեստն արատավորող, օրենքն ու Սահմանադրությունը ոտնատակ տված մի խումբ հանցագործների վրա է:
Տապալելով սահմանադրական կարգը, ոտնահարելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային պարտավորություններն ու հեղինակազրկելով Հայաստանի Հանրապետությունը՝ ոստիկանապետության ձգտող գլխավոր հանցագործը խուճապի մեջ է:
Բոլոր հանցագործներն անխուսափելիորեն պատժվելու են:
Առնվազն տարակուսելի է իրավական եւ ժողովրդավարական պետության բնութագիրն աղավաղող, մարդու հիմնական իրավունքների ոտնահարման աղաղակող փաստերի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների լռությունը, այն դեպքում, երբ դրանց պարտավորությունն է հետեւել եւ գնահատել իշխանությունների վարքագիծը:
Սիրելի՛ հայրենակիցներ, իշխանությունը պատկանում է ժողովրդին: Տե՛ր կանգնենք մեր իրավունքներին, անհատական եւ հավաքական գործողություններով հեռացնենք պետականության այս սպառնալիքին եւ հաստատենք ազգային իշխանություն:
Կոչ ենք ուղղում Զինված ուժերի, Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, դատախազության, Հատուկ քննչական ծառայության եւ այլ պետական կառույցներում աշխատող հայրենասեր եւ օրինապաշտ քաղաքացիներին՝ տե՛ր կանգնեք հայ ժողովրդին տված ձեր երդմանը, պաշտպանե՛ք հայրենիքը հանցագործ իշխանություններից, հրաժարվե՛ք նրանց ապօրինի ցուցումների կատարումից, կանխե՛ք պետական տեռորը:
Սիրելի՛ հայրենակից,
այսօր՝ փետրվարի 23-ին, ժամը 18:00-ին, Երեւան քաղաքում՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ, շտապ հավաքի միջոցով վերահաստատենք Հայրենիքը փրկելու մեր վճռականությունը»։