(Պատմուածք)
ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ
2001 թուականի փետրուարիb Պոլսոյ «Սայաթ Նովա» երգչախումբի հրաւէրով մեկնեցի Իստանբուլ (Պոլիս): Նպատակը 3-4 ամսում՝ երգչախումբի եւ սիմֆոնիկ նուագախումբի համադրութեամբ իմ հեղինակային համերգների իրականացումն էր:
Քաղաքի մեծաթիւ բարեկամներից ամենաշատը «նազս կ՚անցներ» Արտաշէս Հիւսիւմեանի մօտ։ Նրա հետ իմ մտերմական կապը սկիզբ էր առել Հայաստանի խորհրդային շրջանից`1969 թուականից: Երեք ամսուայ ընթացքում, երգչախումբի փորձերին գնալիս, շաբաթը մէկ-երկու անգամ այցելում էի Պանգալտը թաղում գտնուող նրա հիանալի բնակարանը: Դէպքը կատարուել է առաջին այցելութեան ժամանակ:
…Մեր սիրելի բարեկամ Արտաշէսը, ինձ ներս հրաւիրելու համար դեռ դուռը չէր լիովին բացել, երբ լսուեց շան հաչոց, որն ինձ սթափեցրեց մի քանի օր ի վեր միտքս տանջող մտածումներից:
— Մի՜ վախնար, Հենրիկ, հիմա Արտաշը քովի սենեակը կը տանի շունին,- հարեց միջանցքում կանգնած Արտաշէսի կինը` Հայկուհին:
— Լաքի՜, անդին գնայ, շուտ սենեակդ անցիր…,- Բան չեմ հասկնար Հենրիկ, ի՞նչ եղաւ այս շանը: Ուրիշ ատեն, երբ հիւր մը գալու ըլլայ` շէնքին բոլոր ապրողները կը գիտնան, որովհետեւ հիւրին առաջին իսկ յարկ մտնալուն պէս ան կսկսի հաչել:
— Ես բնաւ հաչոցի ձայն չլսեցի, Արտաշ, նոյնիսկ հիմա լուռ է եւ շղթան ձգելուդ կ՚սպասէ, որպէսզի ինծմէ հոտ առնէ…
— Ի՞նչ կ՚ըսես, Հենրիկ, Լաքիին որեւէ մէկը չի կրնար մօտենալ, ոչ ալ ինքը կը մօտենայ անծանօթ մէկու մը, երբ հիւր մը գայ, իրեն քովի սենեակը կը տանինք։
— Լաքի, ինչ լա~ւ, գեղեցիկ անուն է, երջանիկ շուն, երջանիկ ընտանիքի հոգածութեան ներքոյ: Հանգիստ ձգէ Լաքիին, ան զիս չի խածնէր, ան գիտէ, որ ես իր բարեկամն եմ եւ իրմէ չեմ վախնար, մարդոցմէ կը վախնամ, որոնք քեզի խածնելով, ճիշդ է, միս չեն փրցնէր մարմնէդ, սակայն յաւիտեանս կոտտացող վէրք մը կը ձգեն հոգւոյդ մէջ:
— Ի՞նչ կը խօսիս, Հերիկ, ի՞նչպէս չի խածներ, մենք ատոր փորձառութիւնը ունինք, կեցիր քովի սենեակը տանիմ:
— Ո՛չ, մի տանիր, հանգիստ ձգէ իրեն, ես որ չեմ վախնար, դո՞ւն ինչու կը վախնաս: Ուշադիր մտիկ ըրէ թէ ինչ կըսեմ. եթէ տանելու ըլլաս` պիտի ընդդիմանայ, նոյնը պիտի պատահի, եթէ ես փորձեմ դուրս ելլալ, ան գիտէ, որ ես իր բարեկամն եմ, անոնք միշտ գիտեն, թէ որու պիտի խածնեն:
Այս ասելուց յետոյ, կրնակադարձ վիճակով դռնից դուրս գալու ձեւ արեցի, որի ընթացքին Լաքին սկսեց կատաղօրէն հաչել: Վերադարձայ նախկին դիրքիս, Լաքին ձայնը կտրեց եւ սկսեց խոշոր պոչը թափահարել.
— Տեսա՞ր, պարոնս,- յաղթականօրէն դիմեցի Արտաշին,- հիմա շղթան թուլցուր, որ
Լաքին քովս գայ, շղթան սըխը (ձիգ) բռնէ, չձգես, ինչպէս ժողովուրդը կ՚ըսէ`«Շունին հաւատ ընծայէ, բայց պարանը ձեռքէդ մի հանէր»:
Արտաշը պարանը թուլացրեց այնքան որ, շունը հազիւ կարողանայ մօտենալ տաբատիս: Ես՝ քարացած վիճակով, մի քիչ էլ ահը սրտումս, սպասումի մէջ եմ:
Երկուսս էլ լարուած ուշադրութեամբ հետեւում ենք Լաքիի շարժումներին, մինչ վերջինս մի քանի անգամ դանդաղօրէն շուրջս պտտուելով եւ հոտոտելով, վերջապէս կանգնեց առջեւս: Հսկայ գլուխը վեր ցցած, վագրագոյն աչքերը դէմքիս ուղղած, պոչը համեստօրէն շարժելով, յստակ էր, որ իմ շարժումներին էր սպասում:
— Արտաշ, ամբողջովին թուլցուր շղթան…, այո՜, այո, այդպէս: Ապրես:
Լաքին կամաց-կամաց սկսեց փաթաթուել ոտքերիս: Ես էլ վերջ տուի քարացած վիճակիս եւ սկսեցի մեղմօրէն շոյել շան գլուխը:
— Վե՜րջ, Արտաշ, մենք յաղթեցինք, հանէ շղթան շան վիզէն:
— Ծօ՜, խենթեցա՞ր ինչ է…
— Հանէ՛ ըսի, Արտաշ, մի վախնար…
— Հանէ կ՚ըսէ նէ` հանէ, իրաւ ալ` Լաքին արդէն բարեկամի աչքով կը նայի Մաեստրոյին,- այս էլ Հայկուհին է, որ մինչ այդ լուռ ու մունջ հետևում էր այս` մի քանի վայրկեան տեւած պայքարին:
— Յայտէ պապա՜մ, հանեցինք…,- բամբ ձայնով գոչեց Արտաշէսը եւ մէկ կողմ նետեց շան վզից հանած շղթան:
Լաքին ուրախութիւնից չգիտէր ինչ աներ: Ինձ մոռացած, սկսեց վազել սենեակից-սենեակ, խոհանոց, ննջարան, վերջին կանգառը ես էի: Այդքան երկար վազքից յետոյ, շունը եկաւ, կանգնեց առջեւս եւ մի ոստիւնով, առջեւի թաթերով հարուածեց կրծքիս, լեզուն դուրս նետած, ջանաց քիթը բերանը մօտեցնել դէմքիս: Բարեկամութիււնը կնքուած էր:
Ճաշասենեակի լայն գորգին Լաքիի հետ փաթաթուելուց եւ գրկուելուց յետոյ, հրաժեշտ տուի մեր բարեկամներին ու շանը: Վերջինս ուրախ-զուարթ թռչկոտելով, չորս բոլորս պտտուելով, սրտաճմլիկ հաչոցով՝ Արտաշէսի խստագոյն ցուցմունքից յետոյ, իր խուցը քաշուեց:
— Այս տասը տարուան ընթացքին ասանկ բան չէ եղած Հենրիկ, ոչ մէկը կրցած է Լաքիին մօտենալ: Հիւրի մը գալու պարագային պայման է, որ Լաքիին իր բոյնը տանինք: Զարմանալի է, առաջին իսկ վայրկեանէն Լաքին սիրեց եւ կապուեցաւ քեզի:
— Շուները մարդէն աւելի զգայուն են Արտաշ, Լաքին առաջին իսկ վայրկեանին հասկցաւ, որ ես շուն շատ կը սիրեմ եւ չեմ վախնար իրենցմէ: Ձեր տուն եկող-գացողներէն ոչ մէկը շուն սիրած է եւ կամ ալ պճլիկ, գիրկ առնուելիք շուն պահող եղած է: Լաքիին պէս յաղթանդամ, 20-25 քիլոնոց շուն սիրելը տղամարդու գործ է, բարեկամս…:
Յաջորդ այցելութեանս, հազիւ ոտքս բնակարանից ներս դրած, Լաքին դէմս ցցուեց:
— Փայտէ՜, շունիդ տէր եղիր հաճիս, խաղալ կ՚ուզէ հետդ:
Իսկապէս էլ, Լաքին չորս կողմս պտտուելով ու այս ու այն կողմ ցատկռտելով ինձ առաջնորդում էր հիւրասենեակ, որի մեծ գորգի վրայ կէս ժամի չափ գզվրտուեցինք ես ու ինքը:
Յաջորդող ամիսների ընթացքին Լաքիին այցելելիս ամէն անգամ խորոված հաւ (գրիլ) էի տանում իմ սիրելի շանը, որը մի քանի վայրկեանում այն լափելուց յետոյ, պարտադրաբար մի քանի վայրկեան ինձ հետ պիտի թաւալուէր խոշոր գորգի վրայ:
…Առաջին շունը, որ յայտնուեց մեր ընտանիքում Համաշխարհային երկրորդ պատերազմից յետոյ էր: Հայրիկս նոր էր վերադարձել Ռումինիայից ու անմիջապէս մայրիկիս հանել էր տուել աշխատանքից. «Դու տանը մնայ եւ երեխաներին հոգ տար»,- ասել էր նա ու աւելացրել,- ես կը վերադառնամ իմ նախկին աշխատանքին:
Խեղճ, միամիտ հայրիկս չգիտէր, որ իր ռազմագերի լինելու պատճառով ոչ ոք իրեն աշխատանք չէր տալու: Դա արդէն առանձին պատմութիւն է:
Նրա վերադարձի առաջին իսկ ձմռանը, փողոցում, մի պատի տակ կծկուած փոքրիկ շնիկ տեսայ: Ես, որ հազիւ եօթ տարեկան էի, ի՞նչ կարող էի անել, եթէ ոչ շնիկին գրկել ու տանել տուն:
— Տղաս, ի՞նչ պիտի անենք այս շնիկը, մենք ինքներս անօթի, ի՞նչպէս պիտի կերակրենք այս շանը: Ախր նա հովիւի շան ցեղից է, հաչել էլ չի կարող։
— Վնաս չունի, Յակո՜բ,- ասաց մայրիկս,- նա էլ մեզ հետ եոլայ կը գնայ, ի՞նչ անենք, խեղճ հայվանին փողո՞ց նետենք…:
Վճիռն արձակուած էր. շնիկը մեզ հետ էր ապրելու, մեզ հետ պիտի բաժաներ մեր խեղճուկրակ ուտելիքը: Ժոլին (առաջին իսկ վայրկեանին մայրիկս կնքեց նրա անունը, որ ֆրանսերէն է եւ նշանակում է գեղեցիկ, սիրուն) ինձ հետ մեծացաւ, ինձ հետ բաժանեց մանկութիւնս ու պատանեկութեան առաջին տարիները:
1956 թուականին ինձ տարան խորհրդային բանակ` երեք տարուայ ծառայութեան, բայց ես ճիշդ եւ ճիշդ չորս ամիս յետոյ Երեւանում էի: (Սա էլ այլ պատմութիւն է, որ ուրիշ առիթով կը պատմեմ):
Անակնկալ անելու մտադրութեամբ մերոնց տեղեակ չէի պահել իմ վերադարձի մասին: Երեւանի երկաթուղային կայարանից հանրակառք վերցրի մեր տուն հասնելու համար:
Կանգառից մինչեւ մեր տուն հազիւ 500 մետր է: Մինչ ես քայլում եմ, մայրս նկատում է, որ ծերութեան հասած Ժոլին անհանգիստ շարժումներ է անում եւ աշխատում է շղթազերծ լինել: Շան կատաղութիւնն այնքան է բորբոքւում, որ վերջինս կարողանում է ազատուել շղթայից ու իրեն փողոց նետել` ինձ դիմաւորելու համար:
Ահագին հեռաւորութիւնից մեր Ժոլին հոտառութեամբ զգացել էր, որ տանն է մօտենում իր տէրը: Կորած հարազատին գտած լինելու պէս առաջինը նա էր, որ փաթաթուեց ինձ ու առատ թքով լուաց դէմքս:
Դրանից յետոյ երկար չ՚ապրեց մեր Ժոլին եւ որպէսզի իր վախճանը չտեսնեմ, մարդ կանչել տուինք յատուկ ընկերութիւնից, իսկ մինչ նրա գալը ես արդէն երկու օր բացակայել էի տնից, որպէսզի չտեսնեմ, չապրեմ անխուսափելի բաժանման պահը:
* * *
Յաջորդ շունը, որ ունեցանք, 1990 թուականին էր, Ամերիկայում:
Մի օր, որդիս` Արամը, ընկերոջ հետ, ֆրանսիական «Պուդլ» ցեղի շունը գրկին մեր
տան բակից ներս մտաւ.
— Հայրիկ,- ասաց նա,- այս շունիկը 2-3 ամիս մեզ մօտ պիտի մնայ: Ընկերս Նիւ Եորք պիտի գնայ եւ մտերիմ մէկը չունի, որպէսզի նրա մօտ կարողանայ թողնել Սենտիին (այդպէս էր շան անունը):
Կինս` Մարիէթան, առարկեց, որովհետեւ շատ էր վախենում շներից: Ի վերջոյ համոզեցինք, եւ այդ գործում մեծ դեր խաղաց մայրիկս` տիկին Վերժինէն, ատապազարցի այդ գիտուն եւ շենշող կինը:
Կարճ ժամանակ անց, առանց Սենտիի հնարաւոր չէր պատկերացնել մեր գոյութիւնը: Բոլորս խենթի պէս կապուել էինք շան հետ, մանաւանդ` կինս: Մեր յայտագիրներից ամբողջովին ջնջուեցին ընտանեօք քաղաքից բացակայելը, որեւէ տեղ գնալը: Եւ եթէ պատահեր, որ ամբողջ ցերեկը միայնակ թողնէինք Սենտիին, խեղճը իր բնական պէտքերը պահում էր մինչեւ մերոնցից որեւէ մէկի գալը, որպէսզի խցանի պէս դուրս նետուի՝ իր պէտքերը հոգալու համար:
Երեք ամիս անց, ըստ պայմանաւորուածութեան, մեր տուն եկաւ Արամիս ընկերը: Մենք արդէն գիտեինք, որ նրա գալու ժամանակն էր եւ ամէնքս իւրովի ծանր էինք տանելու Սենտիից բաժանուելու պահը: Բայց հակառակ մեր սպասածի, երիտասարդը եկել էր խնդրելու, որ մէկ-երկու ամիս եւս հոգ տանենք Սենտիին, որովհետեւ իր վարձած յարկաբաժնում արգելուած էր շուն պահելը:
Երիտասարդը խնդրեց եւս երկու ամիս հոգ տանել Սենտիին` մինչեւ որ ինքը կարողանայ հարմար բնակարան գտնել: Երկու ամիսն էլ անցաւ, բայց շնատէրը մէջտեղ չկար: Մի օր, երբ ամէնքս սեղանի շուրջն էինք, դիմեցի Արամին.
— Արամ, տղաս, նայիր, հաւանաբար այս օրերին բարեկամդ կը գայ Սենտիին տանելու, բայց մենք Սենտիին չենք տալու, ականջիդ օղ արա, հասկացա՞ր…
Կարծես բոլորի սրտից էի խօսել: Նոյնը կրկնեցին թէ՛ մայրս, եւ թէ՛ Մարիէթան:
— Արդէն ընտանիքի անդամ է դարձել Սենտին, մենք չենք կարող բաժանուել նրանից,- հարեց Մարիէթան: Իսկապէս էլ, Սենտին դարձել էր յոյժ անհրաժեշտութիւն մեր տան մէջ: Առանց նրա անկարելի էր երեւակայել մեր կեանքը, մանաւանդ մայրիկիս կեանքը: Իր ընկերն էր Սենտին, խօսակիցը: Ամբողջ ցերեկը նրա հետ էր, միայն երեկոներն էր վերապահուած մեզ, իսկ գիշերները միայն իմն էր, անկողնուս վրայ, ոտքերիս տակ էր քնում:
Մի օր Արամն ասաց, որ ընկերը գալու է շանը տանելու: Ամէնքս մեր որոշումը տուել էինք արդէն, նոյնիսկ առանց իրար հետ խորհրդակցելու, ի՞նչ, Սենտիին տանելո՞ւ են, անկարելի է…
Մի քանի օր յետոյ տղան երեւաց մեր բակում: Իր նախկին տիրոջը տեսնելուն պէս, Սենտին վազեց դէպի նա: Տղան գիրկն առաւ շնիկին եւ համբոյրներով ողողեց շուարուն կենդանուն: Վերջինս տիրոջ գրկից իջնելուց յետոյ, չէր իմանում անելիքը,
մէկ ինձ մօտ էր գալիս, մէկ` մայրիկիս, մէկ Արամին:
— Տղաս, դու Սենտիին չես կարող տանել,- նախահարձակ ոճով ասացի ես:
— Ինչպէ՞ս…
— Ճիշդ այդպէս, դու գրեթէ վեց ամիս Սենտիին թողեցիր մեզ մօտ եւ մենք վարժուե-
ցինք նրան եւ առանց նրա չենք կարող պատկերացնել մեր կեանքը, ու մեր իրաւունքն
է այսուհետ նրան պահել մեր տան մէջ, որպէս լիիրաւ անդամի:
— Ո՛չ, ո՛չ, չենք կարող տալ,- աւելացրեց Մարիէթան:
— Ի՞նչպէս կարելի է, ես առանց Սենտիի չեմ կարող ապրել, դուք գիտէ՞ք, թէ ինչ խելացի շուն է նա,- ասաց խեղճացած երիտասարդն ու սկսեց հեկեկալ.
Երիտասարդի հեկեկոցը խախտեց նաեւ մեր հաւասարակշռութիւնը եւ՝ կարծես ձէնձէնի տուած, մենք էլ սկսեցինք լաց լինել: Մթնոլորտը խաղաղ վիճակի բերելու մտահոգութեամբ, սկսեցի իմ «ճառը».
— Ինձ լսիր, տղաս, ճիշդ է, այս շունը, որին նոյնիսկ դժուարանում եմ շուն անուանել, ինձ համար համր մարդ է, խելքը տեղին եւ աւելի հաւատարիմ, քան շատ յաճախ մարդը մարդուն: Քոնն է Սենտին, բարեկամս, այո, բայց մի քիչ էլ մերն է եւ մենք վարժուեցինք նրան ու նա էլ մեզ: Կէս տարի նա մեզ հետ է, որպէս մեր բազմանդամ ընտանիքի հարազատ անդամ: Որքան որ գիտեմ, մենակ տղայ ես, դու պիտի աշխատես կամ ուսանես, ո՞վ է հոգ տանելու Սենտիին, մտածե՞լ ես այս մասին: Այս վեց ամսում 2 անգամ 2-3 օր հիւանդանոցում է եղել, դու կարո՞ղ ես այդքան ժամանակ ու նիւթական տրամադրել նրա համար: Այնպէս որ, տղաս, դու Սենտիին թող մեզ մօտ եւ երբ ցանկանաս, կարող ես գալ ու սիրել շունիկիդ:
Տղան, իհարկէ դժուարութեամբ, համաձայնուեց եւ արցունքով ողողուն համբոյրներ դրոշմեց շան քթին, բերնին ու առանց մի բառ ասելու, հեռացաւ:
Դրանից յետոյ միայն երեք տարի կարողացանք վայելել Սենտիին: Մայրիկիս մահուան օրը, 1993 թուականի Նոյեմբերի 23-ին Սենտին անյայտացաւ տնից: Ամենուր փնտռեցինք, ամբողջ Հոլիուտը տակնուվրայ արեցինք, ոստիկանութեանը լուր տուինք, բայց` անօգուտ:
Փորձառու մարդիկ ասում են, որ երբ տանը մէկը մահանում է, շները չեն դիմանում այդ ցաւին եւ գնում, մի ծածուկ տեղ, աչքից հեռու աւանդում են հոգին: Թերեւս այդպէս եղաւ մեր Սենտիի պարագայում: Ո՞վ գիտի, գուցէ ճիշդ է թէ շներն էլ մարդկանց նման սիրել գիտեն:
— Սովորելու բան ունենք նրանցից, հը՞… թերևս…