Անդրանիկ Ջալալեան
Դեռեւս Հին Հռոմում գոյութիւն ունէր տօն, որը նուիրուած էր կանանց: «Ազատ ծնուած կանանց տօն» անուանումով տօնին նուէրներ էին յանձնւում միայն ամուսնացած կամ բարձր դիրք ունեցող կանանց, իսկ օրինակ` տան իգական սեռի ծառայողներին հնարաւորութիւն էր տրւում այդ օրը հանգստանալու:
Տօնի հիմքը դրուեց, երբ 1857թ. մարտի 8-ին Նիւ Եորքի տեքստիլագործները երթով անցան քաղաքի փողոցներով` բողոքելով ցածր աշխատավարձերից եւ աշխատանքի ոչ բարենպաստ պայմաններից:
Կանանց իրաւունքների համար պայքարի օրը Եւրոպայում առաջին անգամ նշուել է 1911թ. Մարտի 19-ին: Ապա երեք տարի անց որոշում է կայացուել այն նշել Մարտի 8-ին: Մարտի 8-ը օրինական կարգավիճակ ձեռք բերեց, երբ սոցիալ-դեմոկրատները կառավարութիւն ձեւաւորելու հնարաւորութիւն ստացան:
1910 թ-ին Քոփենհակնում Կանանց միջազգային համաժողովի ժամանակ Գլարա Ցեդկինն առաջարկել է Կանանց միջազգային օրը նշել մարտի 8-ին` ի յիշատակ նիւ եորքեան իրադարձութեան, նշել որպէս կանանց պրոլետարական դասակարգի ծննդեան օր:
Մարտի 8-ը պաշտօնապէս նշւում է նաեւ Չինաստանում եւ մի շարք Աֆրիկեան երկրներում:
Ռուսաստանում այդ օրը նշւում է 1913թ-ից: Խորհրդային Միութիւնում մարտի 8 -ը համարուել է ոչ աշխատանքային 1965թ-ին:
Առաջին անգամ կանանց միջազգային օրը նշուել է 1911թ.ին Աւստրիայում, Գերմանիայում, Դանիայում եւ Շվեյցարիայում:
1977թ.-ին Միաւորուած ազգերի կազմակերպութիւնը մարտի 8-ը հռչակեց կանանց միջազգային տօն: Անկախութեան հռչակումից հետո` 1996թ., մարտի 8-ը հանուեց Հայաստանի պետական տօնացոյցից:
Փոխարէնն ապրիլի 7-ը հռչակուեց Մայրութեան ու գեղեցկութեան օր: Այնուհետեւ` 2001թ., ընդունուեց Տօների եւ յիշատակի օրերի մասին նոր օրէնք, որով մարտի 8-ը կրկին վերականգնուեց պետական տօնացոյցում:
«Առաւօտ»