Հայաստանը չի համարում, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան հիմքեր է ստեղծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար, և ոչ էլ հնարավորություն՝ տարածաշրջանային համագործակցության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ալ Արաբիա»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը:
«Հայաստանը պատրաստ է վերսկսել խաղաղ գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի հովանու ներքո: Մենք պետք է հասցեագրենք առկախված առանցքային հարցերը, որոնք արտացոլված չեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:
Արա Այվազյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը տարածքային վեճը չէ. այն հազարամյակներ Արցախում բնակված բնիկ հայ բնակչության գոյության մասին է։ «Հակամարտությունը ինքնորոշման և իրենց ճակատագիրը տնօրինելու օրինական իրավունքի մասին է։ Ուստի մենք պետք է հասցեագրենք այդ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որից բխում է նաև Արցախի կարգավիճակի հարցը։ Ադրբեջանը և Թուրքիան պետք է հստակ գիտակցեն, որ ներկայիս ստատուս քվոն, որը ագրեսիայի և ապօրինի ուժի կիրառման հետևանք է, ոչ կայուն է և ոչ էլ ընդունելի տարածաշրջանում տևական խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման համար»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։