Աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մարտի 16-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերն անդրադարձ են կատարել Արցախում անվտանգության ապահովմանը և խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանում ընթացող ռազմաքաղաքական գործընթացներին։
Հանդիպմանը քննարկվել են նաև մարդասիրական ոլորտի խնդիրներ։ Նախարարները, մասնավորապես, ընդգծել են 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական զինված ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողների աճյունների դուրսբերման, ինչպես նաև բոլոր հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման ուղղությամբ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը՝ բարձր գնահատելով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի դերակատարությունն այս գործընթացում։