Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մարտի 18-ին հանդիպել է Արցախի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից:
Խորհրդարանի ղեկավարը կարևորել է եկեղեցու դերը հայապահպանության, Արցախի ժողովրդի միավորման, հոգևոր անվտանգության ապահովման գործում: Արթուր Թովմասյանը իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի ենթակայության տակ անցած տարածքներում մեր եկեղեցիների ճակատագրի կապակցությամբ՝ մեծ ցավով նշելով Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու ավերման վանդալիզմի մասին: Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կիսել է օրենսդիր մարմնի ղեկավարի մտահոգությունը:
«Ցավոք դարերի ընթացքում ձեռագիրը նույնն է մնացել և դեռ ավելի է վատացել»,-ասել է Արցախի հոգևոր առաջնորդը:
Մայր աթոռ սբ. Էջմիածնում ևս մտահոգ են, ՄԱԿ-ում դատապարտել են Ադրբեջանի վանդալիզմը: Արցախի հոգևոր հովիվը կարևորել է այս բարդ ժամանակահատվածում ազգի միաբանությունը, Ազգային ժողով- բանակ-եկեղեցի փոխգործակցությունը:
Հանդիպմանը ներկա էր Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը: