Արցախի՝ ադրբեջանական ռազմական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգությանը սպառնացող վտանգի վերաբերյալ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը կոչով է դիմել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին և Եկեղեցիների համաշխարհային խորհրդին:
«Դիմում ենք Ձեզ՝ ահազանգելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում և նույն թվականի նոյեմբերի 10-ին ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ պայմանավորվածությունից հետո, Արցախի՝ ադրբեջանական ռազմական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգությանն սպառնացող ահագնացող վտանգի մասին:
Դեռևս 1920-ական թվականներից առկա են Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և հոգևոր ժառանգության միտումնավոր և չքողարկված կերպով անդառնալի վնաս հասցնելու, դրա հիմնահատակ ոչնչացման և յուրացման փաստագրված դեպքեր, որոնք նախադեպ են հանդիսացել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ամիսներին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգություն հանդիսացող պատմական հուշարձանների, արվեստի ստեղծագործությունների և պաշտամունքի վայրերի, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմի ու Արցախյան 1-ին պատերազմի զոհվածների հուշահամալիրների նկատմամբ նոր ուժգնությամբ վայրագությունների:
Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ պայմանավորվածությունից հետո, Ադրբեջանի կողմից պետական մակարդակով նոր թափով իրագործվում է հայ առաքելական եկեղեցիների «ալբանականացման» կեղծ թեզի լեգիտիմացման, հայկական հոգևոր ժառանգության յուրացման, պղծման, առանձին դեպքերում նաև՝ հիմնահատակ ոչնչացման քաղաքականություն: Արցախի Հանրապետության՝ ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի 12-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին որպես ալբանական ներկայացնելը, Շուշի քաղաքում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ավիրումն ամենավերջին օրինակներն են: Դատապարտելի են Ադրբեջանի կողմից հայկական առաքելական եկեղեցիների ալբանականացման հեռահար նպատակով դրանք վերանորոգելու, հայալեզու արձանագրությունները վերացնելու մասին պետական ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները:
Դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության թիրախավորումը միջազգային հանրության կողմից արժանացել է համապատասխան դատապարտող գնահատականների: Այս համատեքստում մեծապես կարևորում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ՌԴ և Ֆրանսիայի մտահոգություններն Արցախում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության հետագա ճակատագրի շուրջ, գործնական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը և միջազգային մասնագիտացված կառույցների ներգրավման կարևորության մասին հայտարարությունները:
Կարևորում ենք հատկապես ՌԴ կողմից այս հարցի նկատմամբ ընդգծված վերաբերմունքն ու իրականացված գործնական քայլերը: Մեծապես գնահատում ենք հումանիտար այս խնդրի լուծման շուրջ համընդհանուր պատասխանատվությունը կիսելու ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները: Կարևորում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշում ընդունեց 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 2-րդ արձանագրության շրջանակներում մշտադիտարկման և վերահսկման լրացուցիչ մեխանիզմների ներդրման վերաբերյալ, ինչպես նաև ողջունում ենք Արցախի և հարակից տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության և դրանց հետագա վնասումը կանխելու ուղղությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու որոշումը:
Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ աջակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության հնարավորինս արագ իրականացումն Արցախում և հարակից շրջաններում: Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանը քաղաքականացնում և խոչընդոտներ է ստեղծում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առաջարկված տեխնիկական աջակցման փաստահավաք առաքելության իրականացման համար՝ այսպիսով կասկածի տակ առնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնարար դերը և համամարդկային նշանակությունը:
Արցախի հարուստ մշակութային և հոգևոր ժառանգությունը համաշխարհային մշակութային և հոգևոր ժառանգության անբաժան մասն է կազմում: Հետևապես, Ադրբեջանի կողմից մշակութային և հոգևոր ժառանգության՝ հանցավոր միտումնավորությամբ ոչնչացումը մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ մարդկությանը: Միջազգային հանրության՝ Արցախում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության դեմ անհանդուրժողականության դրսևորումների դատապարտման և միջազգային հանրության և կառույցների ուշադրության հրավիրման միջոցը դիտարկում ենք որպես Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի օկուպացված տարածքներում վտանգված հայկական հոգևոր և մշակութային ժառանգության հետագա ոչնչացման կանխման միակ մեխանիզմը:
Ակնկալում ենք միջազգային իրավունքի համապատասխան իրավական նորմերի շրջանակներում կանխման գործողություններ: Կոչ ենք անում անհապաղ, գործուն և շարունակական քայլեր ձեռնարկել արդյունավետ մեխանիզմների մշակման հարցում՝ նպաստելու Ադրբեջանի կողմից այլ ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների կատարմանը»,-մասնավորապես նշված է Արցախի ԱԺ նախագահի կոչում: